Հորմուզի նեղուցի երկարատև փակումը կարող է Brent տեսակի նավթի գինը բարձրացնել մինչև 150 դոլար մեկ բարելի դիմաց, վերակենդանացնել գնաճը և ստիպել աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերին բարձրացնել տոկոսադրույքները՝ նույնիսկ տնտեսական աճի դանդաղման պայմաններում։ Այս մասին նշվում է Capital Economics-ի վերջին վերլուծական զեկույցում։
Էներգետիկ շուկաները մինչ այժմ կարողացել են հաղթահարել Իրանի շուրջ հակամարտության հետևանքով առաջացած մատակարարման խափանումները՝ նավթային հոսքերը վերաուղղելով խողովակաշարերով և օգտագործելով պահուստները։ Նախկինում նեղուցով փոխադրվող նավթի մոտ մեկ երրորդը տեղափոխվել է այլ տարածաշրջանային ենթակառուցվածքների միջոցով։
Սակայն այդ հնարավորությունները աստիճանաբար սպառվում են։ ՏՀԶԿ (OECD) երկրների առևտրային նավթային պաշարները հասել են վերջին տարիների նվազագույն մակարդակին, ինչի հետևանքով շուկան սահմանափակ հնարավորություններ ունի դիմակայելու մատակարարման նոր ցնցումներին։
Բազային սցենարի համաձայն՝ խափանումները կլինեն ժամանակավոր, և Brent նավթի միջին գինը երրորդ եռամսյակում կկազմի 80 դոլար, իսկ չորրորդ եռամսյակում՝ 75 դոլար մեկ բարելի դիմաց։ Օպցիոնների շուկաները ցույց են տալիս, որ թրեյդերները դեռևս հենց այս սցենարն են համարում ամենահավանականը, թեև գների կտրուկ աճի հավանականությունը մեծացել է։
Եթե նեղուցը շարունակի փակ մնալ, նավթի գինը սկզբում կարող է հասնել 120 դոլարի, իսկ առավել բացասական սցենարի դեպքում Brent-ը ներկայիս մոտ 84 դոլարից կարող է բարձրանալ մինչև 150 դոլար մեկ բարելի դիմաց։ Միաժամանակ Եվրոպայում բնական գազի գինը կարող է աճել 54 եվրոյից մինչև 90 եվրո մեկ մեգավատտ-ժամի (MWh) դիմաց։
Նման զարգացումը կարող է ԱՄՆ-ում գնաճը հասցնել գրեթե 5%-ի և 2026 թվականի երկրորդ կիսամյակում տնտեսական աճը դանդաղեցնել մինչև 1%-ից ցածր։ Տարվա կտրվածքով ԱՄՆ տնտեսության աճը կարող է կազմել 1.7%՝ բազային սցենարի 2.2%-ի փոխարեն։
Եվրոպան կարող է բախվել ավելի ծանր ստագֆլյացիոն ցնցման։ Եվրագոտու տնտեսական աճը 2026 թվականին կարող է կանգ առնել, իսկ գնաճը իր գագաթնակետին գերազանցել 6%-ը։ Միացյալ Թագավորությունը կարող է հայտնվել ռեցեսիայի եզրին, որտեղ գնաճը կարող է հասնել 7%-ի։
Բացասական հետևանքները կզգան նաև Ասիայի տնտեսությունները։ Չինաստանի արտահանման աճը, որն այժմ խթանվում է էլեկտրամոբիլների և կանաչ էներգետիկայի այլ արտադրանքի շնորհիվ, կարող է թուլանալ, քանի որ էներգակիրների բարձր գները կսահմանափակեն սպառողների խոշոր գնումները։ Հնդկաստանի տնտեսական աճը 2026 թվականին կարող է դանդաղել մինչև 5.5%՝ բազային սցենարում կանխատեսվող 6.5%-ի փոխարեն։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ կենտրոնական բանկերը, ամենայն հավանականությամբ, կարձագանքեն դրամավարկային քաղաքականության խստացմամբ՝ կանխելու համար էներգակիրների թանկացման ազդեցության փոխանցումը աշխատավարձերին և սպառողական գներին։ Բացասական սցենարի դեպքում տարեվերջին տոկոսադրույքները կարող են հասնել 4.63%-ի ԱՄՆ-ում, 3.25%-ի եվրագոտում և 4.75%-ի Միացյալ Թագավորությունում։
Միաժամանակ Չինաստանը որոշ չափով հավասարակշռել է նավթային շուկան՝ հունիսին նախորդ տարվա համեմատ ավելի քան 40%-ով կրճատելով հում նավթի ներմուծումը և օգտագործելով ներքին պահուստները։ Սակայն, ըստ Capital Economics-ի, այս ռազմավարությունը չի կարող շարունակվել անսահման երկար։