Առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև ԱԱԾ-ում

Առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում։

Նախագծի համաձայն՝ սա հնարավորություն կտա բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնել, իսկ ավարտելուց հետո ծառայել ԱԱԾ-ում։

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է փոփոխություններ կատարել զինվորական ծառայությանը, Սահմանապահ զորքերին և ազգային անվտանգության մարմիններին վերաբերող մի շարք օրենքներում։

Ծրագրին մասնակցող քաղաքացիները պայմանագիր կկնքեն ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ավարտելուց հետո ԱԱԾ-ի նշած վայրում ու պայմաններով զինվորական ծառայություն իրականացնելու մասին։ Նրանք սկզբում պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն և Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում կծառայեն որպես շարքային կազմի զինծառայող։ Պայմանագրի համաձայն՝ երեք օրվա ընթացքում կտեղափոխվեն ԱԱԾ և կնշանակվեն սպայական պաշտոնի։

Ըստ նախագծի հիմնավորման՝ նոր մեխանիզմը պետք է նպաստի ԱԱԾ-ի, մասնավորապես՝ Սահմանապահ զորքերի համալրմանը բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողներով։ Սահմանապահ զորքերը նախատեսում են փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ստանձնել հայ-ադրբեջանական պետական սահմանի ամբողջ հատվածի պահպանությունը, ինչի համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ անձնակազմ։

 

Leave a comment