Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանից դիմել է Նիկոլ Փաշինյանին

«Բաքվի դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել մեր, հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները»,- նշում է Բաքվի բանտում գտնվող գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն իր ուղերձում։

«Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության  15 քաղաքացիների նկատմամբ վերաքննիչ բողոքի հիման վրա դատական գործընթացը։ Դատական գործընթացը  միայն այս 15 հոգու դեմ չէ ուղղված, այլ հայ ժողովրդի անցյալի և ներկայի դեմ է, քանի որ, ըստ մեղադրանքի և դատավճռի, այն սկսվում է  անցյալ դարի սկզբներից։ Այս բոլոր շինծու, կեղծ մեղադրանքների մասով ես և իմ գրծըկերները դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել մեր, հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները։

Այս պահին խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Վովայի  Փաշինյանին.  մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերին  ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման և վարման ձևակերպումներով, չնայած բոլոր անհերքելի ապացույցների, փաստերի, դրանից բացի այն տեղի է ունեցել  միջազգային հանրության բաց տեսադաշտում, բայց և այնպես, քանի որ եղել եք Հայաստանի  այն ժամանակվա վարչապետը, գերագույն հրամանատարը, հորդորում եմ այդ  մեղադրանքների մասով հանրային ներկայացնել ձեր դիրքորոշումը՝ հակառակը չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին, դրանով իսկ մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, նաև հայ ժողովրդին։

Դրանից բացի ակնկալում եմ  իմանալ մեր՝ այստեղ գտնվողների կարգավիճակը ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։

Ցավալի է նաև, որ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է»,- ասված է ուղերձում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment