Առողջության համար վտանգավոր շեղումներ չկան. «Վեոլիա Ջուր» ընկերությունը` խմելու ջրի մասին

Բաժանորդագրվել

Ընկերությունը նշել է, որ ջրի կոշտությունը խմելու ջրի անվտանգության ցուցանիշ չէ:

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերությունը վստահեցնում է, որ մատակարարվող խմելու ջուրը համապատասխանում է սանիտարահիգիենիկ պահանջներին: Ընկերությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է մշտական և շուրջօրյա վերահսկողության ներքո և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ պահանջներին։

«Միաժամանակ հարկ է ընդգծել, որ խմելու ջրի որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ոչ միայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն. oրենքով սահմանված կարգով այն մշտապես վերահսկվում է նաև պետական իրավասու մարմինների կողմից, որոնք իրականացնում են անկախ վերահսկողություն և արձանագրում են ցանկացած խախտում։ Հետևաբար, եթե խմելու ջրի որակի վերաբերյալ լինեին առողջության համար վտանգ ներկայացնող շեղումներ կամ գործող նորմերի խախտումներ, դրանք անպայման կարձանագրվեին պետական վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից և կդառնային հանրային իրազեկման առարկա»,- ասված է հայտարարությունում։

Ընկերությունը նաև անդրադարձել է ջրի կոշտության վերաբերյալ տարածված քննարկումներին՝ նշելով, որ այն խմելու ջրի անվտանգության ցուցանիշ չէ և առողջության համար վտանգ չի ներկայացնում։ Ըստ «Վեոլիա Ջրի»` ջրի կոշտությունը պայմանավորված է ջրաղբյուրների բնական, երկրաբանական առանձնահատկություններով, ինչի պատճառով տարբեր բնակավայրերում այդ ցուցանիշը կարող է տարբեր լինել։

Հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։ Բյուրեղավանի բնակիչները երեկ նաև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։
Նույն օրը «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարեց, որ ջրի լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում։
Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է դատի տալ «Վեոլիա Ջրին». նա կոչով դիմել է քաղաքացիներին

Leave a comment