Հասարակություն
20.07.2026 | 15:05
ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Գյումրիի «Սև բերդ» ամրոցի օտարման դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ ՔԿ-ի՝ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Ս.Ս.-ի կողմից Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 ՀՀ դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ Կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը:
Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ պետությունը կորցրել է հանրապետական նշանակության պատմամշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունքը և այն չի ընդգրկվել 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման կից հավելվածներում։
Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է ՀՀ քննչական կմիտեի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է երկու ժամանակահատվածում՝ 1993-1995 թվականներին և 2000-2007 թվականներին։ Նա հետագայում զբաղեցրել է նաև ՀՀ վարչապետի և նախագահի պաշտոնները։