Իրանը և ԱՄՆ-ն շարունակում են փոխադարձ հարվածները


Միացյալ Նահանգները և Իրանը փոխադարձ հարվածները շարունակում են արդեն ինը օր: ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, օդային պաշտպանության և ափամերձ հսկողության վայրերը, ծովային հնարավորությունները և հրթիռների ու անօդաչուների կայանքները թիրախավորելու մասին: Ըստ իրանական կողմի՝ հարվածներ են գրանցվել Թավրիզում, Չաբահարում, Կոնարակում և այլ քաղաքներում: 1 մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել:


Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շատ է տուժել ամերիկյան հարվածներից և ռազմական առումով կորցրել է գրեթե ամեն ինչ:


ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի թիրախավորել Իրանը, քանի դեռ այն սպառնում է համաշխարհային առևտրային նավագնացությանը: Մարկո Ռուբիոն միևնույն ժամանակ հավելել է՝ ԱՄՆ-ն միշտ պատրաստ է դիվանագիտական լուծման:


Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է ամերիկյան օբյեկտները Հորդանանում, Քուվեյթում, Սիրիայում: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ զինված առճակատումը կարող է ավարտվել, և բանակցությունները կարող են վերսկսվել, երբ Իրանը մարտի դաշտում հասնի առավելության:


Հարվածների ֆոնին ամերիկացի ևս մեկ զինծառայող է զոհվել Իրաքում՝ խոցված իրանական ԱԹՍ-ի չպայթած զինամթերքի վերահսկվող պայթյունի ժամանակ: Ավելի վաղ երկու ամերիկացի զինծառայող զոհվել էր Հորդանանում: Ըստ Թրամփի՝ վերջին հարվածներն իրականացվել են՝ ի պատիվ Հորդանանում և Իրաքում զոհված զինծառայողների:


Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ երկու նավ պայթել է և դադարեցրել ընթացքը, երբ փորձել է անցնել Հորմուզի նեղուցի հարավային երթուղով, որն անվտանգ չէ: ԻՀՊԿ-ն հավելել է՝ ջրային ուղին վտանգավոր կմնա, քանի դեռ ամերիկյան ագրեսիան շարունակվում է:


Այս իրադարձությունների պատճառով նավթի գինը բարձրացել է ևս 2 տոկոսով՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 90 դոլարը:


Արաբական երկրների լիգան նախազգուշացրել է ներկայիս սրման լուրջ վտանգների մասին՝ դատապարտելով Իրանի հարվածները հարևան երկրներին և կոչ անելով վերադառնալ բանակցությունների:


Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

Դիտումների քանակ4

Leave a comment