ԱՄՆ-ը հույս ունի, որ Իրանում իշխանության կգան ուժեր, որոնք պատրաստ կլինեն երկխոսության և բանակցությունների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Եթե մարդիկ, որոնք ցանկանում են Իրանի համար արդյունավետ քայլեր իրականացնել, հաղթեն և վերահսկողություն ստանձնեն համակարգի կամ բանակցային գործընթացի նկատմամբ, դա կլինի շատ դրական փոփոխություն», — ասել է Ռուբիոն։
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ներկայում իրավիճակը դեռևս այդ փուլում չէ։ Նրա խոսքով՝ աշխարհը մոտենում է այն կետին, երբ, ըստ Վաշինգտոնի գնահատականի, Իրանը կամ Իրանի որոշ ուժեր փորձում են վերահսկողություն հաստատել նեղուցների նկատմամբ և դրանք օգտագործել որպես ճնշման միջոց միջազգային հանրության դեմ։
Ռուբիոն հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է որոշի՝ թույլատրելի՞ է արդյոք, որ միջազգային ծովային ուղիները գտնվեն նման պետության վերահսկողության ներքո։
«Դա կլիներ բացարձակապես անօրինական, անընդունելի և իրավազուրկ», — նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համաշխարհային նավարկության պաշտպանության համար, սակայն մյուս երկրները ևս պետք է մասնակցեն այդ գործընթացին՝ տրամադրելով տեխնիկա, սպառազինություն կամ ֆինանսական աջակցություն։
«Ամբողջ մոլորակը մշտապես պաշտպանելը Միացյալ Նահանգների պարտականությունը չէ», — հավելել է Ռուբիոն։