Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և 4 ապահովագրական ընկերության միջև ստորագրվել է հուշագիր


 

Հայկական ժամանակ․ Փետրվարի 9-ին «Ռամադա» հյուրանոցում կայացել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա ինշուրանս» և «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։


 


Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի զարգացման և առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ՝ պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն և քննարկելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։


 


Համագործակցությունը միտված է շահառուների սպասարկման գործընթացների և ծառայությունների հասանելիության բարելավմանը, տվյալների անվտանգ և ժամանակին փոխանակմանը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացմանը փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակման միջոցով։


 


Կողմերը կարևորում են պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը՝ որպես առողջապահական համակարգի համալիր զարգացման, ծառայությունների որակի բարձրացման, ապահովագրված անձանց սպասարկման որակի բարելավման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդման արդյունավետ գործիք։


 


 


 


Leave a comment