Երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի իշխանությունների կողմից բենզինի գների էժանացմանն ուղղված ջանքերն ի դերև լինեն։
Հիշո՞ւմ եք՝ դեռ նախորդ տարեվերջին Ադրբեջանից Հայաստան բենզին ներմուծելու ֆոնին իշխանություններն ինչպես էին գլուխ գովում, թե իրենք նաև բենզինի շուկայի դիվերսիֆիկացման շնորհիվ բենզինի գնի համար հնարավորինս ցածր շեմ են հաստատել։ Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակը՝ 1215 տոննա պրեմիում («ԱԻ-95») տեսակի, Հայաստան է մուտք գործել 2025-ի դեկտեմբերի 19-ին։ Իսկ երկրորդ խմբաքանակը Հայաստան ներմուծվեց 2026-ի հունվարի 8-ին ՝ 6100 տոննա պրեմիում («ԱԻ-95») և ռեգուլյար («ԱԻ-92») տեսակի։
Առաջին խմբաքանակի տարանցման համար Վրաստանը տուրք չէր գանձել՝ դա ներկայացնելով որպես խաղաղության գործընթացին ուղղված ժեստ։ Նշված ժամանակահատվածում բենզինի շուկայում իրոք որոշակի գնանկում եղավ, որը իշխանությունները պայմանավորեցին Ադրբեջանից մուտք գործած բենզինով, թեև նշված խմբաքանակը Հայաստան ներմուծվող բենզինի ընդհանուր քանակի չնչին տոկոսն էր կազմում։ Ընդհանուր առմամբ Հայաստան տարեկան ավելի քան 200 հազար տոննա բենզին է ներկրվում։ Եթե այդ ծավալը բաշխենք ամիսների մեջ, կստացվի, որ ամսական ավելի քան 16 հազար տոննա բենզին է մուտք գործում Հայաստան, որի առյուծի բաժինը կազմում է ռուսական վառելիքը՝ 50-60 տոկոս (ամսական մոտ 57 000 տոննա), այնուհետև Եգիպտոսից ներմուծվողը (ամսական մոտ 54 000 տոննա)։
Ադրբեջանից Հայաստան բենզին ներմուծելուց հետո Հայաստանում իրոք բենզինի գների անկում եղավ՝ ռեգուլյար և պրեմիում տեսակի բենզինի գները 510, 530 դրամից դարձան 4 440-430 դրամ։ Բայց այդ գները երկար չպահպանվեցին և այսօր անգամ էժանանալուց առաջ շուկայում եղած գներին են գերազանցել։ Այսօրվա դրությամբ բենզինի գինը ռեգուլյար տեսակի համար տատանվում է 520-540 դրամի սահմաններում, իսկ պրեմիում տեսակի համար՝ 550-560-ի սահմաններում։
MediaHub-ի հետ զրույցում տնտեսագետ Հրայր Կամենդատյանը նման գնաճը օրինաչափ է համարում՝ որպես իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության արձագանք։ Բացի դա, ՌԴ-ում վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ այն շուկաների վրա, որոնք իրենից որոշակի կախվածություն ունեն։
«Ռուսաստանում նավթավերամշակման մի շարք գործարանների՝ ուկրաինական հարձակումների ենթարկվելուց հետո, անգամ այդ երկրում է բենզինի որոշակի դեֆիցիտ առաջացել։ Նավթի վերամշակման արտադրությունը տվյալ արտադրամասերում վերականգնելու համար մոտ մեկ ամիս ժամանակ կպահանջվի, բայց այդ ընթացքում էլ Ռուսաստանում արդեն բերքահավաքի սեզոնն է լինելու, ինչը բենզինի և դիզվառելիքի մեծ պահանաջարկ է ստեղծելու։ Սա չի կարող չազդել ռուսական վառելիքի գնի վրա»,– նշեց մեր զրուցակիցը։
Բացի դա, ըստ տնտեսագետի՝ եթե նախկինում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ բարեհաճ վերաբերմունք էր ցուցաբերում՝ որպես ռազմավարական գործընկերոջ, ապա հիմա այդ բարի ցանկությունը չկա՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ՀՀ իշխանությունների ջանքերի շնորհիվ. «Այս ամենի գագաթնակետը կլինի դեկտեմբերին, երբ Հայաստանին ԵԱՏՄ-ից պարզապես դուրս կթողնեն, և մենք այլևս չենք կարողանա օգտվել արտոնյալ գներից ու այլ տեսակի արտոնություններից՝ որպես այդ կառույցի լիիրավ անդամ»։
Անդրադառնալով ադրբեջանական բենզինին՝ տնտեսագետն ասաց, որ իրականում Ադրբեջանը բենզինի արտադրության արդյունաբերական ծավալներ չունի, որպեսզի կարողանա արտահանել՝ առավել ևս ռուսական բենզինը փոխարինելու հավակնությամբ։ Իրականում, այդ ադրբեջանական կոչվող բենզինի գովազդն, ըստ նրա, մեկ նպատակով է արվում, որպեսզի հայ սպառողի մոտ կարծրատիպ ձևավորվի, թե մեր հյուսիսային գործընկերոջ հետ հեռուն գնացող հարաբերություններ պետք չէ ձևավորել և որ մեզ համար միակ վստահելի գործընկերը Ադրբեջանն է։
Հրայր Կամենդատյանի կանխատեսմամբ՝ ռուսական շուկայի դռները Հայաստանի համար փակվելուց հետո մեր երկրի տնտեսությունը խոր ճգնաժամի մեջ է հայտնվելու, տուժելու են տնտեսության բոլոր ճյուղերը՝ մուլտիպլիկատիվ ազդեցությամբ։ Եվ մեզ համար վերջին հարվածը կլինի ռուսական գազի 3-4 անգամ թանկացումը, ինչը երկիրը կգցի կոլապսի մեջ։
Թագուհի Ասլանյան