Այս օրերին բուռն քննարկումների առարկա դարձավ այն, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո նրա տնից դուրս բերվեցին նաև կենդանիները։
Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։ Երևանի Կենդանաբանական այգուց երեկ հայտնել էին, որ այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել։ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա:
Առյուծի անկումը բուռն քննարկումների ու դժգոհությունների թեմա էր դարձել ահամցանցում։ Նշվում էր, թե այլ կենդանիներ ևս տեղափոխվել են Կենդանաբանական այգի։
Իսկ ո՞ր կենդանիներն են տեղափոխվել, նշվում էր, որ կոկորդիլոսները ևս տեղափոխվել են Կենդանաբանական այգի․ MediaHub-ը դիմեց Երևանի քաղաքապետարանին։«Տեղեկացնում ենք, որ կենդանիները «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ին ի պահ են հանձնվել քրեական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների արդյունքում։ Տեղափոխվել է 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորդիլոս և 13 կարապ»,– նշեցին մեր հարցմանն ի պատասխան։
Քաղաքապետարանից ասացին․ «Ցավոք, տեղափոխված կենդանիներից մեկը՝ էգ առյուծը, թմրեցումից հետո չի արթնացել՝ տարիքով պայմանավորված առողջական խնդիրների պատճառով։
Մյուս բոլոր կենդանիները բարեհաջող արթնացել են թմրեցումից։ Նրանց վիճակը բավարար է, ապահովված
են համապատասխան պայմաններով և պատշաճ հսկողություն ու խնամքի ներքո են։
MediaHub-ին հայտնեցին նաև, որ տեղափոխման ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել, կենդանիները վնասվածքներ չեն ստացել։ Առյուծներից մեկի ոտքի վնասվածքը մինչև տեղափոխումն է եղել և լիարժեք բուժված չի եղել:
Կենդանիները գտնվում են կարանտինային և առանձնացված տարածքներում։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։