Իսրայելը Բաքվից ստացված զանգից հետո նահանջել է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Իսրայելը հետաձգել էր Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Իսրայելը Բաքվից ստացված զանգից հետո նահանջել է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից։ Այս մասին գրում է Haaretz թերթը։

Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Փաստաթուղթը պետք է ուղարկվեր Քնեսեթի քննարկմանը։

«Իսրայելի պաշտոնյաները վստահեցրել են իրենց ադրբեջանցի գործընկերներին, որ հարցը կհանվի Քնեսեթի օրակարգից: Աղբյուրը հայտնել է, որ Նեթանյահուն արգելափակել է քվեարկությունը այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի խորհրդականը կապ է հաստատել նրա գրասենյակի հետ»,–գրում է թերթը։

Ադրբեջանական հարթակները հաղորդում են, որ զանգը եղել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից։

Ավելի վաղ Իսրայելը հետաձգել էր Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը։ Նշվում էր, թե Իսրայելի կառավարությունը նման որոշում է ընդունել՝ հաշվի առնելով, այսպես ասած, դիվանագիտական զգայուն պահը. տարածաշրջանում լարվածությունն աճել է Իրանի հետ հրադադարի ռեժիմի խախտումից հետո։

Հավելենք, որ Քնեսեթը հուլիսի 20–ից կմեկնի ամառային արձակուրդ և նիստեր չի անցկացնի մինչև հոկտեմբեր, իսկ այդ ժամանակ արդեն նշանակված են խորհրդարանական ընտրությունները:

Leave a comment