Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարածքում և Սև ծովի ջրատարածքում նոր հեռահար հարվածների մասին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՍԲՈւ) ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Ստավրոպոլի երկրամասում գտնվող երեք նավթաբազաների։ Զելենսկու պնդմամբ՝ նույն տարածաշրջանում գտնվող վառելիքային ենթակառուցվածքի ևս մեկ օբյեկտ թիրախավորվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը հայտարարել է Սև ծովում գտնվող ռուսական այսպես կոչված «ստվերային նավատորմի» երեք տանկերների ուղղությամբ ճշգրիտ հարվածների մասին։
«Շարունակում ենք արդար և ճշգրիտ պատասխան տալ ռուսական հարվածներին։ Այսօր ուկրաինական հեռահար հարվածները հասել են այն օբյեկտներին, որոնք ապահովում և ֆինանսավորում են ռուսական ագրեսիան», — գրել է Զելենսկին։