Իրավապահները երկրում ստեղծված քրեական իրավիճակի «թիվ մեկ պատասխանատուներն են, բայց թիվ մեկ մեղավորը չեն»

Երեկ Երևանում կրկին հնչել են արդեն օրինաչափ դարձած կրակոցներ, արդյունքում ունեցել ենք հերթական զոհը, ու քննադատությունների թիրախում առաջին հերթին հայտնվել է իրավապահ համակարգը։ Իհարկե, արտաքնապես հենց իրավապահներն էլ պետք է քննադատվեն, քանի որ նրանք են երկրում քրեական իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն, բայց արդյո՞ք միայն նրանք են մեղավորը այն ամենաթողության համար, որն այսօր տիրում է։ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմում կրած պարտության համար ժամանակին ասել էր. «Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»։

Ճիշտ նույն տրամաբանությունն էլ կարելի է կիրառել իրավապահների հանդեպ․ նրանք «թիվ մեկ պատասխանատուն են, բայց թիվ մեկ մեղավորը չեն», իսկ թիվ մեկ մեղավորը նա է, որն իրեն ընդամենը «թիվ մեկ պատասխանատուն» էր համարում պատերազմում կրած պարտության համար։

Առհասարակ պետությունը կենդանի օրգանիզմ է, որտեղ ամեն ինչը շաղկապված է իրար հետ, եթե չի գործում մի օրգանը, ապա անհնար է մյուսներից ակնկալել արդյունավետություն։ Շատերը թյուրիմացաբար տարանջատում են արտաքին ու ներքին քաղաքականությունները ու միամտաբար կարծում, որ տապալվելով մեկում, կարելի է հաջողության հասնել մյուսում։ Մինչդեռ թե՛ արտաքին ու թե՛ ներքին քաղաքականություններն ուղիղ բխում են մեկը մյուսից ու օրգանապես կապված են միմյանց։ Յուրաքանչյուրի հաջողումը կամ ձախողումը միանգամից իր անդրադարձն է գտնում մյուսի վրա։

Օրինակ՝ երբ դու վարում ես թելադրված արտաքին քաղաքականություն, փորձում ես օտարել ազգայինն ու լծվում ես օտարի շահերի սպասարկմանը, ապա Նիկոլ Փաշինյանի սիրած արտահայտությամբ, դա իր հայելային արձագանքն է ստանում ներքին քաղաքականությունում։ Երկրում առաջանում է դժգոհության մեծ ալիք, ձևավորվում են ընդդիմադիր խոշոր բլոկներ, կորցնում ես հանրային կայուն աջակցությունը ու որպեսզի կարողանաս պահպանել իշխանությունը, ապա ստիպված ես լինում դիմել ռեպրեսիվ մեթոդների, կամա թե ակամա, առաջնորդվում ես Մաքիավելու խորհրդով, որն ասում էր. «Ավելի լավ է քեզնից վախենան, քան քեզ սիրեն, որովհետև վախը դու ես ներշնչում, իսկ սերը քո հպատակների ընկալումների արդյունք է, ու երբ քեզ միայն սիրում են, դու լիովին կախման մեջ ես ընկնում դիմացինից»։

2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «սիրո հողի» վրա, սակայն, տապալելով արտաքին քաղաքականությունը, անմիջապես թեկուզ բնազդով հասկացավ, որ ներքին քաղաքականությունում «սերն» այլևս որոշիչ լինել չի կարող, ուստի դիմեց այնպիսի գործիքակազմի, որի նպատակը միայն վախի տարածումն է։ Ու ահա հենց նման պայմաններում էլ դադարում է արդյունավետ աշխատել պետական համակարգը։ Բոլոր մարմինները պարտադրված անցնում են ոչ թե օրենքով նախատեսված իրենց գործառույթները կատարելուն, այլ մեկ անձի շահերը սպասարկելուն։

Բացառություն չէ նաև իրավապահ համակարգը։ Նրանք չեն կարող մի կողմից ամենօրյա ռեժիմով գաղտնալսել, հետևել, քրեական գործեր հարուցել, ձերբակալել, կալանավորել ընդդիմադիրներին, մեծաթիվ ուժերով հսկել Նիկոլ Փաշինյանին, ուղեկցել նրան ամենուր ու միաժամանակ ապահովել հասարակության անվտանգությունն ու պայքարել քրեական երևույթների դեմ։ Հետևաբար ևս անգամ շեշտենք, որ թեպետ իրավապահները երկրում ստեղծված քրեական իրավիճակի «թիվ մեկ պատասխանատուներն են, բայց թիվ մեկ մեղավորը չեն»։

Կարեն Կարապետյան

Leave a comment