Պարգևատրվող պաշտոնյաներ, թունավորվող քաղաքացիներ

Մինչ ՀՀ կառավարությունը որոշում է կայացնում առաջիկա ամիսներին պետական համակարգի պաշտոնյաներին շուրջ 5 միլիարդ դրամի պարգևավճար հատկացնել՝ նրանց, ըստ էության, «արդյունավետ աշխատանքի» համար, երկրում մի շարք ոլորտներում կառավարման լուրջ ձախողումները շարունակում են մնալ անպատասխան։ Տպավորություն է ստեղծվում, որ խրախուսվում են ոչ թե արդյունքները, այլ հենց դրանց բացակայությունը։

Խնդիրն այստեղ միայն պարգևավճարների չափը չէ։ Ավելի կարևոր հարց կա՝ ինչո՞վ է չափվում պաշտոնյայի արդյունավետությունը։ Ի՞նչ չափորոշիչներով է գնահատվում նրա աշխատանքը, ինչ ցուցանիշների հիման վրա է որոշվում, որ նա արժանի է պետական բյուջեից հավելյալ միլիոնների։ Հանրությունը նման տեղեկատվության չի տիրապետում, քանի որ պետական համակարգում աշխատանքի գնահատման թափանցիկ ու հասկանալի մեխանիզմ գործնականում չկա։ Արդյունքում թե՛ գնահատումը, թե՛ պարգևատրումը հասարակության համար կամայական են թվում։

Իսկ քաղաքացիներն ունեն իրենց գնահատման չափանիշը՝ իրականությունը։ Իսկ իրականությունը հաճախ շատ ավելի խոսուն է, քան պաշտոնական հաշվետվությունները։

Դրա ամենավառ օրինակներից մեկը սննդի և խմելու ջրի անվտանգության ոլորտն է։ Բյուրեղավան համայնքի երեք բնակավայրերում այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ զանգվածային թունավորման դեպքեր արձանագրվեցին։ Տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, բժշկական օգնության կարիք ունեցան, մի մասը հոսպիտալացվեց։

Ապրիլին տեղի ունեցած առաջին դեպքից հետո առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ վերցված նմուշներում հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր ախտածին մանրէներ։ Սակայն այդ հայտարարությանը որևէ տեսանելի իրավական կամ կառավարչական հետևանք չհաջորդեց։ Հանրությանը չներկայացվեց, թե ով էր պատասխանատուն, ինչ քայլեր ձեռնարկվեցին խնդիրը վերացնելու համար և արդյոք որևէ պաշտոնյա պատասխանատվության ենթարկվեց մարդկանց առողջությանը հասցված վնասի համար։

Արդյունքը երկար սպասեցնել չտվեց։ Մի քանի ամիս անց նույն համայնքում, նույն բնակավայրերում, նորից արձանագրվեցին թունավորման դեպքեր։ Այս անգամ էլ առողջապահության նախարարությունը երկար ժամանակ չէր հստակեցնում տուժածների վերջնական թիվը, մինչդեռ տեղում աշխատող բժիշկները շարունակում էին հայտնել նոր դեպքերի մասին։

Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս «Վեոլիա Ջուր» ընկերությունը շտապեց հերքել, որ թունավորման պատճառը խմելու ջուրն է։ Սակայն ապրիլյան դեպքը ցույց տվեց, որ նման հերքումները դեռ չեն նշանակում, թե խնդիրը բացակայում է։ Եթե առաջին դեպքից հետո ջրի մեջ վտանգավոր մանրէներ էին հայտնաբերվել, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ չկան պատասխանատուներ և ինչո՞ւ նույն իրավիճակը կրկնվեց։

Այս ամենի ֆոնին դժվար է հասկանալ, թե ինչ արդյունավետ աշխատանքի համար են պետական պաշտոնյաները հերթական անգամ պարգևատրվում։ Եթե ոլորտում առկա խնդիրները չեն լուծվում, եթե նույն համայնքում նույն պատճառներով մարդիկ կրկին թունավորվում են, ապա ինչպե՞ս է գնահատվում պատասխանատուների աշխատանքը։

Վերջին օրերին նաև հրապարակային քննարկման առարկա դարձավ այն տեղեկությունը, որ որոշ համայնքներում ամռան ամիսներին խմելու ջրի ծավալներն ապահովելու նպատակով ջրին խառնվում է արտեզյան ջուր։ Թեև այս պնդումները դեռ պաշտոնապես չեն հաստատվել, դրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան ցածր է հանրային վստահությունը ոլորտի նկատմամբ։ Առավել ևս, երբ նույն բնակիչները պարբերաբար դժգոհում են ջրի որակից և հաճախակի ջրանջատումներից։

Չնայած դրան՝ պաշտոնական կառույցները շարունակում են պնդել, որ խմելու ջրի որակի հետ կապված խնդիր չկա։ Սակայն իրականությունն այլ պատկեր է ներկայացնում։ Երբ նույն բնակավայրում կարճ ժամանակահատվածում երկրորդ անգամ զանգվածային թունավորում է գրանցվում, դժվար է հասարակությունից ակնկալել, որ այն շարունակի անվերապահորեն վստահել պաշտոնական հավաստիացումներին։

Եվ հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը. եթե պետական բյուջեից միլիարդավոր դրամներ են հատկացվում պաշտոնյաներին որպես պարգևավճար, ապա ո՞վ է պատասխանատվություն կրում այն դեպքում, երբ քաղաքացիները հերթով հայտնվում են հիվանդանոցներում։ Եթե ձախողումների համար ոչ ոք չի պատժվում, իսկ պարգևատրումները շարունակվում են, ապա հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ի վերջո ինչի՞ համար են պարգևատրվում պաշտոնյաները։

Թագուհի Ասլանյան

Leave a comment