Վերջին տարիներին մեր երկրի հասարակական-քաղաքական մթնոլորտը բնութագրվում է խորացող գորշությամբ և հիասթափությամբ

Անի Կարապետյանը գրում է․

Վերջին տարիներին մեր երկրի հասարակական-քաղաքական մթնոլորտը բնութագրվում է խորացող գորշությամբ և հիասթափությամբ։ Հաճախ հասարակական քննարկումներում մեղադրանքի թիրախ է դառնում հենց ժողովուրդը, այն դեպքում, երբ անտեսվում է այն հիմնարար հանգամանքը, որ մենք բոլորս այդ ժողովրդի անբաժանելի մասն ենք կազմում։

Ժողովրդի անտարբերությունը հանրային ու պետական կարևոր հարցերի նկատմամբ չի առաջանում ինքնաբուխ կամ բնատուր կերպով։ Այն ձևավորվել է երկար տարիների ընթացքում՝ քաղաքական գործընթացներից համակարգված կերպով դուրս մղվելու, որոշումների ընդունման վրա ազդեցություն չունենալու և սեփական ձայնը լսելի չդարձնելու հետևանքով։ Երբ հասարակությունը հետևողականորեն չի զգում իր մասնակցության արժեքը, անտարբերությունը դառնում է ինքնապաշտպանական արձագանք։

Քաղաքական դաշտում գործող դերակատարների մեծ մասը խոսում է ժողովրդի անունից, սակայն գործնականում առաջնորդվում է ոչ թե հանրային շահերով, այլ նեղ խմբային կամ անձնական նպատակներով։ Այս հակասությունը խորացնում է վստահության ճգնաժամը իշխանության և հասարակության միջև։

Ժողովրդավարական պետության հիմնասյունը ժողովրդի լսված լինելն է։

Հասարակության հետ երկխոսությունը պետք է լինի ներառական և շարունակական՝ անկախ հնչող մտքերի որակից կամ ձևակերպումից։ Քաղաքական համակարգի կայունությունը և զարգացման հնարավորությունը պայմանավորված են նրանով, թե որքանով է այն ունակ լսելու, ընկալելու և արժևորելու սեփական ժողովրդին՝ ամբողջ բազմազանությամբ։

Leave a comment