Ամառվա տապին սառը գազավորված և էներգետիկ ըմպելիքները շատերի, հատկապես երիտասարդների, ամենօրյա ընտրությունն են։ Շատերը կարծում են, թե դրանք հագեցնում են ծարավը, թարմացնում և նույնիսկ ուժ են հաղորդում։ Սակայն մասնագետները զգուշացնում են՝ շոգ եղանակին նման ըմպելիքների օգտագործումը ոչ միայն ցանկալի չէ, այլ նաև կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմի, այդ թվում՝ սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։
Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է թերապևտ Լամարա Մանուկյանի հետ՝ պարզելու, թե որքանով են վտանգավոր գազավորված և էներգետիկ ըմպելիքները, կա՞ դրանց օգտագործման անվտանգ չափաբաժին, թե՞ ավելի ճիշտ է ընդհանրապես հրաժարվել դրանցից։
Թերապևտ Լամարա Մանուկյանի խոսքով՝ հատկապես շոգ եղանակին գազավորված քաղցր ըմպելիքները չեն կարող փոխարինել սովորական ջրին և նույնիսկ կարող են խորացնել ջրազրկման խնդիրը։
«Շոգ եղանակին ընդհանրապես խորհուրդ չի տրվում օգտագործել գազավորված քաղցր ըմպելիքներ, քանի որ, առաջին հերթին, դրանք չեն հագեցնում ծարավը, երկրորդ՝ ավելի են ուժեղացնում ծարավի զգացողությունը։ Երբ մաշկի մակերեսից ջուրը գոլորշիանում է, արյունն ավելի է խտանում։ Ծարավը հագեցնելու համար պետք է խմել միայն մաքուր ջուր, այլ ոչ թե քաղցր հյութեր, առավել ևս՝ գազավորված ըմպելիքներ»,- ասաց Մանուկյանը։
Շատ երիտասարդներ շոգին նախընտրում են նաև էներգետիկ ըմպելիքներ՝ կարծելով, թե դրանք կօգնեն պահպանել աշխատունակությունն ու բարձրացնել էներգիան։ Սակայն մասնագետի խոսքով՝ իրականում դրանց ազդեցությունը կարող է լինել ճիշտ հակառակը։
«Էներգետիկ ըմպելիքները, առհասարակ, խորհուրդ չի տրվում օգտագործել։ Եթե օրգանիզմի էներգետիկ պաշարը բարձրանում է, շոգ եղանակին այն չի կարող այդ էներգիան արդյունավետ ծախսել։ Ընդհակառակը՝ պետք է հնարավորինս քիչ շարժվել և խուսափել օրվա ամենաշոգ ժամերին դրսում գտնվելուց։ Արևի տակ ֆիզիկական աշխատանք կատարելիս մարդը շատ ավելի արագ է հյուծվում, քան զով եղանակին։ Այդ ըմպելիքները խմելով՝ մենք այդ պակասը չենք լրացնում, քանի որ շոգի պայմաններում օրգանիզմը միևնույն է չի կարողանում արդյունավետ օգտագործել այդ էներգիան, և արդյունքում ավելի է հյուծվում»,- նշեց թերապևտը։
Մասնագետի խոսքով՝ էներգետիկ ըմպելիքները կարող են նաև լրացուցիչ ծանրաբեռնել սրտանոթային համակարգը, հատկապես բարձր ջերմաստիճանի պայմաններում, երբ օրգանիզմն առանց այդ էլ աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են հատկապես երիտասարդներն ավելի հաճախ առողջական խնդիրների բախվում նման ըմպելիքների օգտագործումից հետո, Լամարա Մանուկյանը պարզաբանում է, որ խնդիրը ոչ թե տարիքն է, այլ դրանց օգտագործման հաճախականությունը։
«Երիտասարդները ոչ թե ավելի խոցելի են, այլ պարզապես ավելի հաճախ են օգտագործում այդ ըմպելիքները։ Մեծահասակների վերաբերյալ նման հետազոտություններ նույնիսկ քիչ կան, քանի որ նրանք հիմնականում չեն օգտագործում դրանք։ Երիտասարդները կարծում են, թե էներգետիկ ըմպելիքները կօգնեն ավելի եռանդուն լինել, սակայն իրականում ստանում են հակառակ ազդեցությունը՝ ավելի շուտ են հոգնում և ունենում ավելի ցածր աշխատունակություն»,– ասաց Մանուկյանը։
Հարցին, թե արդյոք գազավորված և էներգետիկ ըմպելիքները կախվածություն առաջացնո՞ւմ են, թերապևտը պատասխանեց, որ դասական իմաստով կախվածություն չեն ձևավորում, սակայն կարող են ստեղծել դրանք կրկին օգտագործելու ցանկություն։
«Կախվածություն չեն առաջացնում, բայց երբ մարդը խմում է, մի պահ թվում է, թե էներգիան ավելացել է։ Հաջորդ օրը, սակայն, իրեն շատ ավելի վատ է զգում, և առաջանում է ցանկություն կրկին օգտագործելու։ Բայց իրական՝ ֆիզիկական կամ հոգեբանական կախվածություն դրանք չեն առաջացնում»,- ընդգծեց Մանուկյանը։
Մասնագետի խորհուրդը միանշանակ է․ ամառվա շոգ օրերին օրգանիզմի հեղուկի պակասը պետք է լրացնել բացառապես բավարար քանակությամբ մաքուր ջրով, իսկ գազավորված և հատկապես էներգետիկ ըմպելիքներից հնարավորինս հրաժարվել, քանի որ դրանք չեն լուծում ջրազրկման խնդիրը և կարող են ավելորդ ծանրաբեռնել օրգանիզմն ու սրտանոթային համակարգը։
Ալիտա Եղիազարյան