Միլիարդներ պետբյուջեից՝ փոստային ծառայություններին․ թվայնացումը չի թեթևացնում հարկատուների բեռը

Փոստային ծառայությունները շարունակում են մնալ պետական կառույցների վարչարարության անբաժանելի մաս՝ ներառելով պաշտոնական նամակագրությունը, փաստաթղթաշրջանառությունը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։ 

Չնայած Կառավարությունը փոստային ծառայություններին առնչվող վարչարարության թվայնացման ու էլեկտրոնային համակարգերի ներդրման քաղաքականություն է վարում, պետական բյուջեից տարեկան ծախսերն այս ուղղությամբ կազմում են ահռելի գումարներ, որոնք ենթակա են հանրային վերահսկողության և հաշվետվողականության։

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է 2025 թվականին պետական կառույցների՝ փոստային ծառայությունների դիմաց կնքված պայմանագրերի գումարային վիճակագրությունը, ինչպես նաև համադրել է այս տվյալները նախորդ տարիների հետ։ 

Ո՞ր կառույցներն են ամենից շատ ծախսել 

Այսպես, նշված ծառայությունների համար բոլոր գնումները եղել են մեկ անձից գնման ընթացակարգով, պայմանագրերի մեծ մասը կնքվել է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ։ Թե՛ 2025 թվականին, և թե՛ նախորդ տարիներին այս փոստային ծառայությունների վրա ամենից շատ գումար ծախսած գերատեսչությունների եռյակում ՀՀ ներքին գործերի նախարարություն է, ՀՀ դատական դեպարտամենտը և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը։ 

Նշված գերատեսչությունների փոստային ծախսերը մեծապես պայմանավորված են դրանց գործառույթների բնույթով։ Մասնավորապես, ՆԳՆ-ն իրականացնում է քաղաքացիներին ուղղված պաշտոնական ծանուցումների առաքում՝ վարչական վարույթների, տուգանքների, հաշվառման ու այլ ընթացակարգերի շրջանակում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեպքում փոստային ծառայությունների լայն կիրառումը կապված է կենսաթոշակների, նպաստների, սոցիալական վճարների վերաբերյալ ծանուցումների, որոշումների և այլ փաստաթղթերի առաքման հետ, հատկապես այն շահառուներին, որոնք չեն օգտվում էլեկտրոնային հարթակներից։ ՀՀ դատական դեպարտամենտի փոստային ծախսերը պայմանավորված են դատական գործերի շրջանակում քաղաքացիներին և կազմակերպություններին ուղարկվող դատական ծանուցումներով, դատական ակտերով, վճիռներով և այլ դատավարական փաստաթղթերով, որոնց առաքումը օրենքով հաճախ պարտադիր է փոստային կարգով։

Ընդհանուր առմամբ, բոլոր պետական գերատեսչությունների՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, ծախսերը 2025 թվականին կնքված պայմանագրերով կազմել են 4,349․174 մլրդ դրամ կամ մոտ 11,5 հզր դոլար (գործող փոխարժեքով)։ 

Փոստային ծառայություններին ամենից շատ գումար հատկացրած գերատեսչությունը ՀՀ ներքին գործերի նախարարությունն է․ նախորդ տարում կառույցը 1,720 միլիարդ դրամի տասնյակից ավելի պայմանագրեր է կնքել՝ մեծ մասը «ՀայՓոստի» հետ։


Հաջորդ գերատեսչությունը փոստային ծառայությունների ծավալով ՀՀ դատական դեպարտամենտն է, որը նույնպես մեկ անձից գնման պայմանագրեր է կնքել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի և «Հատուկ Կապ» ՓԲԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ կնքվել են 1,031․5 միլիարդ դրամի պայմանագրեր։ 

Երրորդ տեղում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ (ներառյալ իր ենթակայության տակ գտվող ծառայությունները) 795,3.5 միլիոն դրամով։ 

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված է փոստային ծառայությունների դիմաց ամենից շատ գումարային ծավալով պայմանագրեր կնքած գերատեսչությունների տասնյակը։ 

Փոստային ծառայությունների ծախսերն աճում են 

2018-2025 թվականների տվյալների համադրումը ցույց է տալիս, որ պետական կառույցների կողմից փոստային ծառայությունների համար կատարված ծախսերն ունեն զգալի տատանումներ՝ կախված տարվա և վարչարարական բեռի առանձնահատկություններից։ 

Ակնհայտ է նաև, որ ծառայությունների ու վարչարարության թվայնացման ուղղությամբ ջանքերը ազդեցություն չեն ունեցել փոստային ծառայությունների ծախսերի վրա․ դրանք շարունակում են հարկատուների վրա ահռելի ծախս մնալ։ 

2018 թվականին փոստային ծառայությունների վրա ծախսվել է շուրջ 3.38 մլրդ դրամ, ինչից հետո 2019 և 2020 թվականներին արձանագրվել է որոշակի նվազում՝ համապատասխանաբար կազմելով մոտ 2.97 մլրդ և 2.96 մլրդ դրամ։ Այս անկումը կարող է պայմանավորված լինել 2020 թվականին համավարակի պատճառով պետական կառույցների գործունեության որոշակի սահմանափակմամբ։

2021 թվականին ծախսերը կտրուկ աճել են՝ հասնելով 4.7 մլրդ դրամի, ինչը դիտարկվող ժամանակահատվածում ամենաբարձր ցուցանիշն է։

2022 և 2023 թվականներին ծախսերը որոշակիորեն կայունացել են՝ նվազելով 3.13 մլրդ և 3.07 մլրդ դրամ։ Սակայն 2024 թվականին կրկին արձանագրվել է աճ՝ մինչև մոտ 4 մլրդ դրամ, իսկ 2025 թվականի համար նախատեսված կամ արդեն կատարված ծախսերը կազմում են 4.35 մլրդ դրամ, ինչը երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է վերջին ութ տարիների ընթացքում։

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ամփոփված են պետության ծախսերը փոստային ծառայությունների մասով՝ 2018-2025 թվկաններին։ 

Ընդհանուր առմամբ, տվյալները ցույց են տալիս, որ փոստային ծառայությունների ծախսերը երկարաժամկետ կտրվածքով մնում են բարձր մակարդակի վրա՝ չնայած պետական կառավարման թվայնացման մասին շարունակաբար հնչող հայտարարություններին։ Սա վկայում է այն մասին, որ մի շարք ոլորտներում՝ հատկապես իրավական, սոցիալական և վարչարարական գործընթացներում, փոստային հաղորդակցությունը շարունակում է մնալ անփոխարինելի գործիք՝ միաժամանակ բարձրացնելով ծախսերի արդյունավետության և այլընտրանքային լուծումների կիրառման անհրաժեշտության հարցը։

Նանե Մանասյան

Գլխավոր լուսանկարը գեներացված է AI-ի միջոցով

The post Միլիարդներ պետբյուջեից՝ փոստային ծառայություններին․ թվայնացումը չի թեթևացնում հարկատուների բեռը appeared first on FIP.AM.

Leave a comment