Քաղաքականություն
18.07.2026 | 18:39
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ հարվածի հետևանքով վնասվել է երկրի հարավում՝ Ղեշմ կղզու քաղցրահամ ջրի աղազերծման կայանը, ինչի պատճառով խաթարվել է շուրջ 30 գյուղի խմելու ջրի մատակարարումը։ Թեհրանը տեղի ունեցածը որակել է որպես հարված քաղաքացիական ենթակառուցվածքին և նախազգուշացրել «լուրջ հետևանքների» մասին։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարված է հասցրել երկրի հարավում՝ Ղեշմ կղզում գտնվող քաղցրահամ ջրի աղազերծման կայանին, ինչի հետևանքով խաթարվել է մոտ 30 գյուղի ջրամատակարարումը։
«ԱՄՆ-ն բացահայտ և հուսահատ հանցագործություն է կատարել՝ հարձակվելով Ղեշմ կղզու քաղցրահամ ջրի աղազերծման կայանի վրա։ Դրա հետևանքով տուժել է շուրջ 30 գյուղի ջրամատակարարումը», – X սոցիալական ցանցում գրել է Արաղչին։
Նրա խոսքով՝ քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ջրամատակարարման համակարգերի թիրախավորումը վտանգավոր սրացում է։ Նախարարը զգուշացրել է, որ նման գործողությունները կարող են ունենալ «լուրջ հետևանքներ»՝ ընդգծելով, որ «այդ նախադեպը ստեղծել է ԱՄՆ-ը, ոչ թե Իրանը»։