ԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակում բարձրացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի հարցը․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․ «ԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակս այսօր հանձնել եմ։

Նամակում առանձնակի ընդգծել եմ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցը, որոնք շարունակում են գտնվել ապօրինի կալանքի տակ՝ միջազգային իրավունքի բացահայտ խախտմամբ։ Նրանց պահումն ու ցմահ դատապարտումները ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում են, այլև` քաղաքական ճնշման և շանտաժի գործիք։

Միևնույն ժամանակ բարձրացրել եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիայի խնդիրը։ ՀՀ տարածքներում ադրբեջանական զինված ստորաբաժանումների շարունակական ներկայությունը միջազգային իրավունքի լուրջ խախտում է և ուղիղ սպառնալիք՝ տարածաշրջանային անվտանգությանը։ Սա պահանջում է հստակ միջազգային քաղաքական գնահատական և գործողություն։

Երբ ռազմագերիները պահվում են որպես առևտրի առարկա, իսկ ինքնիշխան պետության տարածքները՝ ուժի կիրառմամբ վերահսկվում են, լռությունը այլևս չեզոք դիրքորոշում չէ։

Լռությունը համակեցություն է անարդարության հետ։

Հայաստանում և տարածաշրջանում մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների իրավունքները և պետական ինքնիշխանությունը չեն կարող զոհաբերվել աշխարհաքաղաքական հաշվարկներին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment