Իրանը կասեցրել է ԱՄՆ–ի հետ կնքված հուշագրով նախատեսված պարտավորությունները

Բաժանորդագրվել

Իրանը ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրին հետևելու իմաստ չի տեսնում, քանի որ, իրանցի պաշտոնյաների խոսքով, այն չի իրագործվում։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Իրանը կասեցրել է ԱՄՆ–ի հետ հակամարտության դադարեցման մասին հուշագրով նախատեսված պարտավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Tasnim»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին։

Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ իրանական բանակցային թիմի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հուլիսի 15-ին հայտարարել էր, որ Իրանը ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրին հետևելու իմաստ չի տեսնում, եթե այն չի իրագործվում։

«Մենք նաև դադարեցրել ենք մեր սեփական պարտավորությունների իրագործումը և հիմա չենք կատարում դրանք՝ զբաղված լինելով երկրի պաշտպանության հարցերով»,- ասել է Աբադին։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment