Հասարակություն
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրող Գայանե Խաչատրյանը ստացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության ամենամյա մրցանակը։
Որակյալ լրագրությունը խրախուսելու և լրատվամիջոցներում էթիկական չափանիշների կարևորությունը ընդգծելու նպատակով՝ Երևանի մամուլի ակումբն արդեն երրորդ տարին անընդմեջ իր հիմնադրման տարեդարձի առթիվ կազմակերպում է էթիկական լրագրության մրցանակաբաշխություն։
«Արդեն 25 տարի է, ինչ Երևանի մամուլի ակումբն իր ծննդյան առթիվ մրցանակներ է հանձնում գործընկերներին։ Մեզ համար բավականին բարդ խնդիր ենք դրել՝ այն կոչելով էթիկական լրագրության մրցանակ, քանի որ կարծում ենք՝ հենց էթիկական լրագրությունն է այսօր կարևոր առաքելություն կատարում մեր մեդիաոլորտում և հանրային կյանքում։ Հասկանում ենք, թե որքան դժվար է դա։ Տարվա ընթացքում կարելի է տեսնել բազմաթիվ պրոֆեսիոնալ մեդիաարտադրանքներ, սակայն երբ դրանց բովանդակությունը համադրում ես էթիկական չափանիշների հետ, հաճախ ինչ-որ բան չի համապատասխանում։ Այդ պատճառով շատ լավ աշխատանքներ կարող են չարժանանալ այս մրցանակին»,- ասաց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։
Գայանե Խաչատրյանը մրցանակի է արժանացել երկրի հասարակական-քաղաքական կյանքի համապարփակ և որակյալ լուսաբանման համար։ Մրցանակը նրան հանձնել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը։
«Հատկապես գնահատելի է էթիկական լրագրության մրցանակ ստանալը։ Ուզում եմ նշել, որ սա միայն իմ անձնական մրցանակը չէ։ Factor-ի ամբողջ թիմն այսպես է աշխատում՝ մեր ղեկավար Արևիկ Սահակյանի գլխավորությամբ։ Դա կարմիր գիծ է և հստակ պահանջ՝ պահպանել էթիկայի կանոնները»,- ասաց Գայանե Խաչատրյանը։
Միջոցառման ընթացքում Երևանի մամուլի ակումբի մրցանակների են արժանացել նաև «Հետք» մեդիա գործարանի ծրագրի ղեկավար Հարություն Մայսուրյանը, «Ամփոփ Մեդիա»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանը, ինչպես նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի մեկնաբան Հայկ Նավասարդյանը։