Ամերիկյան Cadence-ը սկսել է ինժեներային գործունեություն Հայաստանում Ausdia –ն ձեռք բերելուց հետո

Ամերիկյան Cadence Design Systems ընկերությունն ինժեներական ներկայություն է ստացել Հայաստանում այն բանից հետո, երբ ձեռք է բերել միկրոսխեմաների նախագծման ավտոմատացման լուծումներ մշակող Ausdia Inc. ընկերությունը


ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ամերիկյան Cadence Design Systems ընկերությունն ինժեներական ներկայություն է ստացել Հայաստանում այն բանից հետո, երբ ձեռք է բերել միկրոսխեմաների նախագծման ավտոմատացման լուծումներ մշակող Ausdia Inc. ընկերությունը, հայտնել է ԱԺ փոխխոսնակ, նախկին նախարար Հակոբ Արշակյանը:


«Cadence-ի ինժեներական ներկայությունը Հայաստանում լրացուցիչ կերպով ամրապնդում է մեր երկրի դիրքերը համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության մեջ»,— LinkedIn-ում գրել է Արշակյանը:


Ausdia-ի կայքում նշված է, որ Ausdia Design Automation LLC ստորաբաժանումը գտնվում է Երևանում։ Ընկերությունը նաև հայտնում է, որ մտել է Cadence-ի կազմի մեջ։


Արշակյանի խոսքով՝ Հայաստանում աշխատում են կիսահաղորդիչների, էլեկտրոնային նախագծման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք միջազգային ընկերությունների ինժեներական ստորաբաժանումներ կամ խոշոր թիմեր, այդ թվում՝ Synopsys-ը, Siemens EDA-ն, NVIDIA-ն, AMD-ն, Microchip Technology-ն, National Instruments-ը, Broadcom-ը և Cisco-ն:


Նա նշել է, որ միաժամանակ երկրում զարգանում են տեղական տեխնոլոգիական ընկերությունները, որոնք ընդլայնում են ինժեներական կարողությունները և նոր հնարավորություններ ստեղծում նորարարական ձեռներեցության համար։

«Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանը ձևավորել է միջազգայնորեն ճանաչված էկոհամակարգ միկրոսխեմաների նախագծման, էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արհեստական բանականության համար հաշվարկների, ներդրված համակարգերի և բարձր արտադրողականությամբ ճարտարագիտության ոլորտում»,— հայտարարել է փոխխոսնակը։

Cadence-ի հայտարարության մասին


Cadence-ը հայտնել է, որ 2026 թվականի ապրիլի 16-ից Ausdia-ի կողմից մշակված TimeVision լուծումը՝ ժամանակային սահմանափակումների կառավարման համար, ներառվել է ընկերության պորտֆելում։


TimeVision-ը նախատեսված է ինտեգրալ սխեմաների նախագծման տարբեր փուլերում (ճարտարապետության նկարագրությունից մինչև նախագծի վերջնական ստուգում) ժամանակային սահմանափակումների սխալների ավտոմատ հայտնաբերման համար։


Cadence-ը ծրագրում է շարունակել TimeVision-ի աջակցությունը որպես ինքնուրույն պրոդուկտ, ինչպես նաև ինտեգրել այն Tempus Timing լուծումների համալիրում։ Ընկերության գնահատմամբ՝ ինտեգրումը թույլ կտա սխալները հայտնաբերել ավելի վաղ փուլերում, կրճատել նախագծերի ստուգման ժամանակը և նվազեցնել միկրոսխեմաների արտադրության ժամանակ խնդիրների առաջացման ռիսկը։


Cadence Design Systems-ը մշակում է ծրագրային և ապարատային լուծումներ էլեկտրոնային համակարգերի և կիսահաղորդիչների նախագծման համար։ Ausdia-ն մասնագիտանում է բյուրեղի վրա համակարգերի նախագծման ժամանակ ժամանակային սահմանափակումների մշակման և ստուգման տեխնոլոգիաների մեջ։

Leave a comment