ԱՄՆ-ում բացահայտվել է խոշոր հանցավոր սխեմա, որի միջոցով զեղծարարներն անհպում վճարումների տեխնոլոգիայի օգնությամբ տարեկան մինչև 1 միլիարդ դոլար են հափշտակում ռիթեյլերներից և բանկերից, հայտնում է CNBC-ն։
Հանցագործներն օգտագործում են գողացված բանկային քարտերի տվյալները՝ խանութների բջջային հավելվածների միջոցով նվեր քարտեր ձեռք բերելու համար։ Այս հավելվածների պաշտպանվածության մակարդակը, որպես կանոն, ավելի ցածր է, քան ֆինանսական կազմակերպություններինը, ինչից էլ օգտվում են խարդախները։
Այնուհետև նվեր քարտերով գնվում են թանկարժեք ապրանքներ, որոնք հետագայում վերավաճառվում են Չինաստանում՝ հավելավճարով։ Այս սխեման թույլ է տալիս շրջանցել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի խիստ բանկային վերահսկողության կանոնները։
Տեղում գործարքները հաճախ իրականացվում են անօրինական միգրանտների միջոցով, որոնք այդ կերպ մարում են մաքսանենգներին ունեցած պարտքերը։ Ոստիկանության տվյալներով՝ նրանց հեռախոսներում հայտնաբերվում են վճարային հավելվածներ, որոնք քողարկված են խաղերի տեսքով։
Home Depot-ի ներկայացուցիչների խոսքով՝ վերջին տարիներին այս մեթոդը դարձել է հանցագործների նախընտրելի գործելաոճը, քանի որ «այն նրանց համար շատ ցածր ռիսկային է»՝ համեմատած խանութներից ավանդական գողությունների հետ։
Անհպում վճարումների տեխնոլոգիաների լայն տարածման ֆոնին թվային խարդախությունները դարձել են մանրածախ առևտրի ոլորտում կազմակերպված հանցավորության զարգացման նոր փուլ։ 2024 թվականի հունվարից սկսված դաշնային գործողության շրջանակում իրավապահ մարմինները կատարել են առնվազն 239 ձերբակալություն։ Այնուամենայնիվ, ոլորտի փորձագետներն ու ներկայացուցիչները շարունակում են աջակցել նոր օրենսդրական նախաձեռնություններին, որոնք կբարելավեն տեղեկատվության փոխանակումը և թույլ կտան ավելի արդյունավետ պայքարել բարդ ֆինանսական հանցագործությունների դեմ։