Արևմուտքի և Արևելքի տեխնոլոգիական մրցակցությունը միայն նորարարությունների պայքար չէ։ Ինչպես գրում է South China Morning Post (SCMP)-ը, Չինաստանի հաջողության հիմքում ամբողջական արդյունաբերական էկոհամակարգերի ստեղծումն է, մինչդեռ ԱՄՆ-ում շեշտը հիմնականում դրվում է առանձին ընկերությունների և նորարարությունների վրա։
Հրատարակության գնահատմամբ՝ այս տարբերությունն առավել ակնհայտ է էլեկտրամոբիլների ոլորտում։ Մինչ Tesla-ն կենտրոնացած էր նորարարական արտադրանքի վրա, Չինաստանը համակարգված ներդրումներ էր կատարում մարտկոցների արտադրության, լիցքավորման կայանների, մատակարարման շղթաների և արտադրական հզորությունների զարգացման մեջ։ Արդյունքում BYD-ը մի քանի տարվա ընթացքում շրջանցեց Tesla-ին և դարձավ աշխարհի խոշորագույն էլեկտրամոբիլների արտադրողն ու վաճառողը։
SCMP-ն նշում է, որ նույն մոտեցումն այժմ կիրառվում է նաև արհեստական բանականության ոլորտում։ DeepSeek, Alibaba Group Holding, Tencent, Baidu, Moonshot AI և Zhipu AI ընկերությունները կենտրոնանում են ոչ թե AI-ը զանգվածային սպառողական արտադրանք դարձնելու, այլ այն արդյունաբերության, լոգիստիկայի, ֆինանսների, առողջապահության և այլ ոլորտների մեջ ինտեգրելու վրա։
Սթենֆորդի համալսարանի AI Index Report 2026 զեկույցի համաձայն՝ 2025 թվականից ի վեր առաջատար ԱԲ մոդելների ոլորտում ԱՄՆ-ի և Չինաստանի ընկերությունները պարբերաբար փոխարինում են միմյանց առաջատարի դիրքում։ Միաժամանակ Չինաստանը շարունակում է վստահորեն առաջատար լինել ԱԲ-ի ոլորտում գրանցված արտոնագրերի քանակով՝ 2024 թվականին ապահովելով աշխարհի բոլոր ԱԲ արտոնագրերի 74%-ը, մինչդեռ ԱՄՆ-ի բաժինը կազմել է 12%։
SCMP-ի եզրակացությամբ՝ տեխնոլոգիական մրցակցությունում հաղթում են ոչ միայն ամենանորարար ընկերությունները, այլև այն երկրները, որոնք կարողանում են ստեղծել ուժեղ արդյունաբերական և տեխնոլոգիական էկոհամակարգեր։