Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը, որը, կարծես թե, ձգձգվում է, մեծացնում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությունը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Սա իսկապես շատ կարևոր թեմա է, հատկապես հաշվի առնելով Հորմուզի նեղուցի ճգնաժամի ակնհայտ ձգձգված բնույթը։ Արդյունքում տուժում են համաշխարհային տնտեսությունը և համաշխարհային տրանսպորտային ուղիները», – ասել է Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև եռակողմ նախագծի իրականացումը խրախուսելի է։ Լավրովը հայտնել է, որ իրանական կողմն ավարտել է Ռեշտ-Աստարա հատվածի հողահատկացումը, որի բացակայությունը երկար ժամանակ խոչընդոտում էր շինարարությանը։ Նա նաև նշել է, որ երեք երկրների երկաթուղիների ղեկավարներն արդեն քննարկել են շինարարությունը սկսելու գործնական կողմերը։ «Կարծում եմ՝ մենք առաջընթաց կտեսնենք։ Հետաքրքրություն կա բոլոր երեք կողմերից», – ընդգծել է Սերգեյ Լավրովը։
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը մոտավորապես 7200 կիլոմետր երկարությամբ բազմամոդալ երթուղի է, որը կապում է Սանկտ Պետերբուրգը Հնդկաստանի Մումբայ նավահանգստի հետ: 2023 թվականի մայիսին Ռուսաստանը և Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման վերաբերյալ՝ միջանցքի արևմտյան երթուղու վերջին բացակայող օղակը: Նախագիծը գնահատվում է 1.6 միլիարդ եվրո, որից 1.3 միլիարդ եվրոն ռուսական վարկ է: