Փրկարար ծառայությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն. տրվել են հանձնարարականներ


ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 6-ին Փրկարար ծառայությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


Մասնակցել են ծառայության տնօրենի տեղակալները, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։


Քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, վեր հանվել առկա խնդիրներն ու բացթողումները, նաև նախանշվել են դրանց լուծման ուղիները։


Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ենթակա կառույցներում իրականացված աշխատանքները, կազմակերպչական և գործառնական խնդիրներն ու դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։


Ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը, կարևորելով գործունեության ժամանակ ի հայտ եկած մարտահրավերների համատեղ վերլուծությունը, ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է առկա խնդիրները ժամանակին բացահայտելու և արդյունավետ լուծումներ ապահովելու ուղղությամբ իրականացնել համակարգված աշխատանք։ Նա առանձնահատուկ կարևորել է կանխարգելիչ միջոցառումների շարունակական և արդյունավետ իրականացման, արտակարգ դեպք-պատահարների վայրերում սահմանազատման աշխատանքների կազմակերպման, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ միջոցառումների պատշաճ կազմակերպումը, ինչպես նաև հրդեհներից տուժած քաղաքացիների կարիքների ժամանակին և համակողմանի բավարարումը։


Արամ Ղազարյանը փրկարարական ուժերի վարչության պետին հանձնարարել է շահագրգիռ ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ, վեր հանել առկա խնդիրներն ու սեղմ ժամկետներում ապահովել դրանց արդյունավետ լուծումները:


ՓԾ տնօրենը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է խստորեն պահպանել ծառայողական կարգուկանոնը, ամրապնդել վերահսկողությունը ենթակա անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության նկատմամբ։


Քննարկված հարցերի շուրջ տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ։

Leave a comment