Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևային էներգիան Հայաստանում շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները՝ դառնալով ոչ միայն էներգախնայողության, այլև բիզնեսի զարգացման գործիք։ «Արևային էներգիայից բիզնես առավելություն» խորագրով B2B ֆորումը մեկ հարկի տակ էր համախմբել ոլորտի մասնագետներին, գործարարներին և գործընկեր կազմակերպություններին։ Միջոցառումը կազմակերպել էին արևային կայանների տեղադրմամբ զբաղվող հայաստանյան Sunhit և միջազգային LONGi Solar ընկերությունները՝ «Ակբա Լիզինգ»-ի և «Նաիրի Ինշուրանս»-ի հետ համագործակցությամբ։

Արևային կայանների նախագծմամբ և տեղադրմամբ զբաղվող Sunhit ընկերությունն իրականացնում է ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների արևային համակարգերի չափագրում, նախագծում, տեղադրում և մոնիթորինգ։ Այս համագործակցությամբ ընկերությունն ընդլայնում է իր ներկայությունն արևային կայանների շուկայում։ Նոր մեկնարկով Sunhit-ը բիզնեսներին առաջարկում է ամբողջական լուծում՝ արևային վահանակների մատակարարում և ապահովագրություն։

«Բոլոր այն ընկերությունները, որոնք զբաղվում են արևային համակարգերի տեղադրմամբ, ուղիղ կարող են ձեռք բերել արևային վահանակներ՝ առանց որևիցե միջնորդավճարի՝ համոզված լինելով, որ արևային վահանակներն օրիգինալ են և ներմուծվում են ուղիղ գործարանից՝ առաջին ձեռքով»,- ասում է Sunhit ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Վարդանյանը:

Այն բիզնեսները, որոնք արևային կայանների նախագծումն ու տեղադրումը կվստահեն Sunhit-ին, կկարողանան օգտվել նաև «Ակբա Լիզինգ»-ի ֆինանսավորման հատուկ պայմաններից և «Նաիրի Ինշուրանս»-ի ապահովագրական ծառայություններից։

«Մենք առաջինն ենք շուկայում, որը, որպես ապահովագրական ընկերություն, Sunhit-ի հետ մեկտեղ որոշում կայացրեց ներդնել նոր մշակույթ արևային կայանների շուկայում և տալ հավելյալ պաշտպանվածություն «Նաիրի Ինշուրանս»-ի և Sunhit-ի համագործակցության շրջանակում»,- ընդգծում է «Նաիրի Ինշուրանս» ընկերության կորպորատիվ վաճառքների վարչության ղեկավար Սիրարփի Մանուկյանը:

Հայաստանում միջազգային LONGi Solar ընկերության առանցքային գործընկերը Sunhit ընկերությունն է։ Կողմերի համագործակցությունն արդեն երկու տարվա պատմություն ունի:

«Sunhit»-ը մեր ամենախոշոր գործընկերն է, և մենք ցանկանում ենք միասին զարգացնել հայկական շուկան»,- ասում է LONGi Solar-ի Արևելյան Եվրոպայի բաժնի գլխավոր տնօրեն Ադրիան Քոչանը:

Միջազգային այս ընկերությունը ևս կարևորում է հայկական շուկայում ներկայության ընդլայնումը՝ շեշտելով ոչ միայն տեխնոլոգիաների մատակարարումը, այլև ոլորտի կրթական բաղադրիչը։

«Մենք հավատում ենք, որ նորարարությունը զարգացման շարժիչ ուժն է, իսկ հուսալիությունն արժեք է ստեղծում։ Մենք ցանկանում ենք հայկական շուկա բերել արևային էներգիայի ոլորտի լավագույն լուծումները, որպեսզի այստեղի մարդիկ և ընկերություններն ապագայում կարողանան օգտվել արևային էներգիայի հնարավորություններից»,- նշում է Քոչանը:

Ընկերությունները ցանկանում են շուկայում ձևավորել մշակույթ, որտեղ արևային կայանը դիտարկվում է որպես երկարաժամկետ ներդրում, որի անվտանգությունն ու պաշտպանությունը նույնքան կարևոր են, որքան դրա արդյունավետությունը։ Ֆորումի ընթացքում կողմերը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ամրապնդելով արդեն ձևավորված գործընկերությունը և նախանշելով հետագա զարգացման նոր ուղղությունները։ Երկու ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան

 

 

Leave a comment