Վենսի այցի ընթացքում ՀՀ–ն կբարձրացնի՞ հայ գերիների հարցը․ Թորոսյանը հստակ պատասխան չտվեց

Բաժանորդագրվել

Արսեն Թորոսյանը միայն վստահեցրեց, որ այդ հարցը մշտապես իրենց օրակարգում է, ու դրա շնորհիվ են վերջին շրջանում մի քանի գերի վերադարձել ՀՀ։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հստակ պատասխան չտվեց՝ արդյոք ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցի ժամանակ Հայաստանը պատրաստվում է բարձրացնել Բաքվում պահվող հայ գերիների հարցը։

Ինչպես հայտնի է, փետրվարի 9-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ Փետրվարի 9-ին երեկոյան տեղի է ունենալու Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որից հետո հանդես կգան հայտարարություններով։

«Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը միշտ եղել է ՀՀ իշխանությունների առաջնային օրակարգում և միշտ բարձրաձայնվել է բոլոր մակարդակներում և՛ գործող վարչակազմի, և՛ անձամբ նախագահ Թրամփի հետ հանդիպումների ժամանակ։ Պարտադիր չէ, որ տեսախցիկների առաջ ամեն ինչ տեղի ունենա կամ դա իրենց կյանքում որևէ բան փոխի։ Վերջին շրջանի հենց այդ վարվող քաղաքականությունն է թույլ տվել նրանցից մի քանիսին տեղափոխել Երևան։ Այդ գործընթացը շարունակվելու է։ Ինքս էլ անձամբ այդ հարցը բարձրացրել եմ բոլոր երկրների գործընկերների առաջ»,- նշեց Թորոսյանը։

Հարցին՝ ինչ պետք է շահի Հայաստանը Վենսի այցից, նախարարը շեշտեց՝ ՀՀ–ն խորացնում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Ընդգծեց՝ այսօր ՀՀ-ն արդեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական, ու դրանից բխող ոլորտային հարաբերություններ ունի։

Leave a comment