Էնդի Բերնեմը՝ Լեյբորիստական ​​կուսակցության նոր առաջնորդ․ նա կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Քաղաքականություն

17.07.2026 | 16:18

Էնդի Բերնեմը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական ​​կուսակցության նոր առաջնորդը։ Նրա թեկնածությունը հաստատվել է առանց մրցակցի, հայտարարվել է ուրբաթ տեղի ունեցած կուսակցության նիստում, գրում է The Insider-ը։

Լեյբորիստական ​​կուսակցության հեռացող գլխավոր քարտուղար Հոլի Ռիդլին, որը պատասխանատու էր ղեկավարության ընտրություների անցկացման համար, հայտարարել է, որ քվեարկությունն անցկացվել է արդար և կուսակցության կանոններին լիովին համապատասխան։ Դրանից հետո Ազգային գործադիր կոմիտեի նախագահ Շաբանա Մահմուդը պաշտոնապես Բերնեմին հայտարարել է որպես կուսակցության նոր առաջնորդ։

Բերնեմը փոխարինում է Քիր Սթարմերին, որն ավելի վաղ հայտարարել էր կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին։

Քանի որ Լեյբորիստական ​​կուսակցությունը պահպանում է իր մեծամասնությունը Համայնքների պալատում, Բերնեմը՝ որպես կուսակցության նոր առաջնորդ, առաջիկա օրերին Չարլզ III թագավորի կողմից վարչապետ կնշանակվի և նոր կառավարություն կձևավորի։ Դրա համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն պահանջվում։

Ընտրվելուց հետո իր առաջին ելույթում Բերնեմը շնորհակալություն է հայտնել Սթարմերին՝ նշելով, որ հենց նրա ղեկավարությամբ է կուսակցությունն «անցել իր պատմության մեջ ամենամեծ հաղթանակներից մեկին՝ ամենածանր պարտությունից»։

«Քիրը Լեյբորիստական ​​կուսակցությունը վերադարձրել է այնպիսի դիրքի, որտեղ այն կարող է կրկին փոխել մարդկանց կյանքը դեպի լավը։ Ահա թե ինչ ենք մենք արել վերջին երկու տարիների ընթացքում»,- ասել է Էնդի Բերնեմը։

Կուսակցության նոր առաջնորդը նաև խոստացել է Լեյբորիստական ​​կուսակցությունը մոտեցնել երկրի «մոռացված» շրջանների բնակիչներին և հայտարարել «մարդկանց հույսը վերադարձնելու» մտադրության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment