Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ իշխանությունները հիմա էլ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը պետականացնելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը հանձնելու անվան տակ խլեցին դրա սեփականատիրոջից՝ Գագիկ Ծառուկյանից։
«Արարատցեմենտ» գործարանից բացի՝ նույն հայցադիմումով պահանջվում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում։ Գործարարի ձեռքից քաղաքային իշխանությունն էլ վերցրել է նրան պատկանող «Մուլտի Վելնես» մարզական կենտրոնի շենքը, որի կառավարումն անցել է Երևանի քաղաքապետարանին։ Պատճառաբանությունն այն է, որ շենքը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ խախտումներով։ Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է քաղաքային իշխանության տիրապետության տակ։
Իրավապահ համակարգը, քաղաքային իշխանությունները և ընդհանրապես ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի բռնագանձման և նրա դեմ հարուցված գործերը բացարձակ կապ չունեն նրա քաղաքական գործունեության հետ և զուտ իրավական գործընթացներ են։ Սակայն փաստերն այլ բանի մասին են վկայում։
Նախ, որքան էլ իրավապահները պնդեն, թե բոլոր այդ գործերը ավելի վաղ են նախաձեռնվել և իրենց ուշադրության կենտրոնում հայտնվել՝ վարույթներ նախաձեռնելու մակարդակով, այդուհանդերձ ակնհայտ է, որ միայն Գագիկ Ծառուկյանի դեմ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքներից հետո հապճեպ կարգով բերման ենթարկվեց ԲՀԿ առաջնորդը, կալանավորվեց և, ինչպես իր հանրային՝ ատելությամբ ու բռնությամբ համեմված հայտարարություններով հրահանգել էր Փաշինյանը, թե պատերազմի եռագլուխ կուսակցությունների առաջնորդներին բոմժ է սարքելու, նրանից խլեցին թե՛ «Արարատցեմենտը», թե՛ մնացած բիզնեսները։
Երևի մինչ այդ էլ իրավապահները ձեռքը պարզապես զարկերակին էին պահում ու սպասում միանձնյա որոշումներ կայացնող անձի՝ «START»-ի կարմիր կոճակը սեղմելուն, ինչը կարող էր և չլինել, եթե գործարարը հնազանդ վարքագիծ դրսևորեր և զերծ մնար Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն միտված ներքաղաքական գործընթացներում ներգրավվելուց։
Ցանկացած վերլուծող միտք ունեցող մարդու համար պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականում քաղաքական հետապնդում է իրականացվում, եթե ոչ անձնական հաշվեհարդար՝ նրան վերջնականապես քաղաքական դաշտից մեկուսացնելու և իշխանություններին հերթական ազդեցիկ քաղաքական մրցակցից ձերբազատելու նպատակով։ Այլապես հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ պարոն Ծառուկյանին ներկայացված մեղադրանքներով պատասխանատվության չեն ենթարկվում քաղաքական լծակներ ունեցող մյուս օլիգարխները, որոնց ունեցվածքի ձեռքբերումը ևս կասկածելի ճանապարհներով է իրականացվել, ինչի մասին ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանն ինքն է ԱԺ ամբիոնից և իր ընտանեկան թերթի էջերում բարձրաձայնել։
Ավելին, նրանց ունեցվածքի հետ կապված նաև սկանդալային բացահայտումներով հրապարակումներ են եղել, ժամանակին՝ նաև հանրային ընդվզում, բայց քանի որ այսօր իշխանությունների համար այդ օլիգարխները յուրային են կամ անվերապահ ենթականեր, շարունակում են վայելել ժողովրդից ու պետությունից ենթադրյալ խլված ունեցվածքը։ Այն, ինչ չներվեց գործարար Գագիկ Ծառուկյանին, հանդուրժվում է այն գործարարներին, որոնք կամ քիթը չեն մտցնում քաղաքականության մեջ, չեն քննադատում ներկա իշխանություններին կամ էլ շարժվում են Փաշինյանի քմահաճույքով ու պաշտպանում նրա ցանկացած նախաձեռնություն։
Դատախազությունը պահանջում էր պետականացնել «Սիլ Պլազան», բայց դատարանը մերժեց. Փաշինյանի հրահանգը չի եղել
Ընդամենը մի քանի տարի առաջ՝ Փաշինյանի իշխանության օրոք, «Հետք» լրատվականը հոդված էր հրապարակել, որում փաստերով ներկայացնում էր, թե ինչպես է Արամի 3 հասցեում գտնվող և այսօր «Սիլ Պլազա» անունը կրող շինությունը հայտնվել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի ձեռքում։
Ըստ այդ հրապարակման՝ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է Երևանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով Արամի 3 հասցեում գտնվող 19-րդ դարում կառուցված շենքը 1994 թվականին հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի (այսօր իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հոր) կոոպերատիվին։
Խաչատուր Սուքիասյանը 1992-1994 թթ. ՀՀ արդյունաբերության նախարարության տնտեսական կապերի գլխավոր վարչության պետն էր, ապա՝ նախարարի խորհրդականը։ Ինչպես նշված է հետաքննական հրապարակման մեջ, Ալբերտ Սուքիասյանի ստեղծած և ղեկավարած կոոպերատիվը նախ ստացել է Արամի 3 հասցեի գույքի մշտական օգտագործման իրավունք՝ վարձավճար տալու պարտավորությամբ, ապա վերակառուցել է և 1997 թվականին դարձել այդ գույքի սեփականատերը՝ Երևան համայնքին վճարելով ընդամենը 5655 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Շենքը, չնայած վերը նշված որոշումներին, այդպես էլ չի դարձել հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառքի կենտրոն, այլ վերածվել է արվեստի հետ կապ չունեցող խանութների և գրասենյակների։ Այսինքն՝ օգտագործվել է բիզնես նպատակներով՝ շահույթ ստանալու ակնկալիքով։
Մինչ վերակառուցումը Արամի 3 հասցեի շինությունը համարվել է պատմության և մշակույթի հուշարձան և գտնվել պետության պահպանության ներքո։ Այդ մասին նշում կա 1995 թվականի պայմանագրում, սակայն վերակառուցումից հետո, անհայտ հանգամանքներում, շենքը դուրս է մնացել հուշարձանների ցանկից՝ այդպիսով պետությանն ազատելով շենքի պահպանության նկատմամբ պատասխանատվությունից, ինչն էլ թույլ է տվել շենքն օգտագործել ըստ սեփականատիրոջ հայեցողության։ Կառավարության 2004 թվականի որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, որում Արամի 3 հասցեն այլևս ներառված չի եղել։
«Հետքի» հրապարակման հիման վրա դատախազությունը վարույթ էր սկսել և, նյութերն ուսումնասիրելուց հետո, դիմել նախ վարչական, այնուհետև՝ հակակոռուպցիոն դատարան, սակայն նախորդ տարի դատարանը շենքի ձեռքբերման գործընթացում որևէ կոռուպցիոն մեխանիզմ չէր հայտնաբերել և մերժել էր դատախազության՝ շենքը պետությանը վերադարձնելու պահանջը։ Անգամ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էր Առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ թողել։
2023 թվականին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ «Սիլ Պլազայի» սեփականաշնորհման վերաբերյալ դատախազությունը թեև ուսումնասիրությունը սկսել էր մինչ իր կողմից դատախազի պաշտոնը ստանձնելը, սակայն դատարան հայց ներկայացվել է իր պաշտոնավարման ժամանակ։
«Լրագրողական հետաքննությունը բավականին տվյալներ էր տվել Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանը։ Պետական շահերի պաշտպանության վարչության դատախազն էլ ուսումնասիրել է և՛ կադաստրային գործերը, և՛ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ու գտել էր, որ վարչական դատարան հայց ներկայացնելու հիմք կա, որովհետև օտարումը իրավաչափ չէր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Աննա Վարդապետյանը։
Բայց անգամ դատախազի վճռականությունը տեղի է տվել ՔՊ պատգամավորի նվիրվածությանը։ «Սիլ Պլազայի» տարածքի սեփականաշնորհման վերաբերյալ Քննչական կոմիտեում էլ քրեական վարույթ է նախաձեռնված, որի մանրամասների վերաբերյալ որևէ տեղեկություն չի ներկայացվում։
Մենք կարող ենք ենթադրել, որ դատարանը մերժել է դատախազության հայցը, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ որևէ իրավական գործողություն սկսելու մասին հայտարարություն դեռ չի եղել, ինչպես դա եղավ Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դեպքում։
Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, ասես որպես հրահանգ, քաղաքացիների հետ հանդիպումներում, իսկ հետո նաև կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցներում պարբերաբար հայտարարում էր, որ «կզացնելու, չոքացնելու» է այդ երեք գործիչներին, նրանց «բոմժ» է դարձնելու, թողնելու է «երկու զույգ բոթասով» միայն։ Եվ հիմա ակնհայտ է, որ ողջ իրավապահ համակարգը լծվել է նրա հրահանգները կյանքի կոչելուն։
Վերադառնալով «Սիլ Պլազայի» գործին՝ ակնհայտ է, որ այն ամբողջությամբ պարզաբանված ու փակված չէ, և չի բացառվում, որ վարչապետի աթոռին նստած անձը ՔՊ պատգամավորին ու խոշոր գործարարին վերահսկելու լծակներ է պահում իր ձեռքում։
Ի դեպ, Խաչատուր Սուքիասյանի՝ պետական գույքի ձեռքբերումներից ևս մեկ գործարք է կասկածներ հարուցում՝ նախկին «Ռոսիա», այժմ՝ «Այրարատ» կինոթատրոնի սեփականաշնորհումը։ Շինությունից այսօր միայն դրա պատմությունն ու անունն են մնացել. շենքն ամբողջությամբ ձևախեղվել ու հարմարեցվել է առևտրի կենտրոնի գործառույթներին՝ մշակութային կառույցից վերածվելով բիզնես կառույցի։
«Փակ շուկայի» ձեռքբերման կասկածելի գործարքների մասին ընդդիմադիր Փաշինյանն էր խոսում ու քննադատում
Հաջորդ պատմությունն առնչվում է Հայաստանում գործող ևս մեկ խոշոր գործարարի՝ Սամվել Ալեքսանյանի ձեռք բերած, ժամանակին պետական գույք համարվող ունեցվածքին։ Նա, ի տարբերություն նախորդ իշխանությունների ժամանակ իր վարած ակտիվ քաղաքական գործունեության, Փաշինյանի իշխանության օրոք նախընտրել է անաղմուկ, ընդհատակյա գործունեությունը՝ «շառից-փորձանքից հեռու» սկզբունքով։
Նրա զգուշավորությունը հասկանալի է. որպես նախկին իշխանությունների հետ ասոցացվող երբեմնի օլիգարխ՝ Սամվել Ալեքսանյանը ևս կարող էր արժանանալ Գագիկ Ծառուկյանի ու Սամվել Կարապետյանի ճակատագրին։ Մանավանդ որ այդ գործարարը վախենալու շատ բան պետք է ունենա։
Հատկապես քաղաքացիական հասարակության ու լրագրողական համայնքում չեն մոռացել, թե ինչպիսի ճանապարհով 2013 թվականին Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկան» դարձավ Սամվել Ալեքսանյանի սեփականությունը, և թե ինչպես ամբողջությամբ աղավաղվեց ժամանակին պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված և երևանյան տեսարժան վայրերից մեկը համարվող շուկայի շենքը՝ նախապես այն հուշարձանների ցանկից անօրինականորեն հանելու ճանապարհով։
Ինչո՞ւ դատախազությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն չեն զբաղվում նաև այս շենքի ճակատագրով և քայլեր չեն ձեռնարկում այն ևս Երևանին վերադարձնելու համար։
Ինչպես ժամանակին արձանագրել են անվանի, հեղինակավոր ճարտարապետները, Երևանի կենտրոնական ծածկած շուկայի շենքը ամբողջությամբ կորցրել է իր նախնական տեսքը, վերացվել են դրա ճարտարապետական լուծումները, որոնց շնորհիվ էլ 1952 թվականին կառուցված շենքը որպես պատմամշակութային հուշարձան էր ճանաչվել։ Ընդ որում, շենքի աղավաղումն իրականացվել է ի հեճուկս այն ժամանակվա Մշակույթի նախարարության հանձնարարականների։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պարզապես անզոր եղավ կանխելու Սամվել Ալեքսանյանի «կառուցապատումը», ինչի արդյունքում հուշարձանը վերածվեց սովորական, շարքային սուպերմարկետի։ Այդ ժամանակ անգամ Մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության գործակալությունն էր վարույթ հարուցել և Երևանի քաղաքապետարանին զգուշացրել, որ միջոցներ ձեռնարկի «Փակ շուկայի»՝ որպես պատմամշակութային հուշարձանի աղճատումը դադարեցնելու համար, բայց՝ ապարդյուն։
Եվ այս հանգամանքին անդրադարձել էր այն ժամանակ ընդդիմադիր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․
«Երևանի քաղաքապետարանը որևէ բան չի արել, որովհետև Տարոն Մարգարյանն էնտեղ նշանակված է Սամվել Ալեքսանյանին, «SAS»-ի Արտակին ու մյուսներին սպասարկելու համար, և էս քաղաքապետի ընտրությունների կոնտեքստը հենց դա է»։
Փաշինյանը նաև հավաստիացրել էր, թե տեղեկություններ ունի, որ Երևանի գույքահարկի բազայում մոտավորապես տարեկան 15 մլրդ դրամի թերագնահատում կա․
«Այսինքն՝ ինչպես Սամվել Ալեքսանյանի տունը թերագնահատել են այնպես, որ նա, ասենք, 2-3 միլիոն դրամի փոխարեն տարեկան 38 հազար դրամ է վճարում որպես գույքահարկ Երևանի քաղաքապետարանին, այնպես էլ բազմաթիվ օբյեկտներ մեծ հավանականությամբ նման ճակատագրի են արժանացել, և էստեղ մեծ կոռուպցիոն ռիսկ կա»։
«Փակ շուկային» ընդդիմադիր Փաշինյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է դրա սեփականաշնորհման և կառուցապատման ժամանակ՝ խիստ քննադատության ենթարկելով իր կարծիքով մեղավորներին և հայտարարելով, որ օրենքներ են կոպտորեն ոտնահարվել։
2013 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նորից բարձրացրեց «Փակ շուկայի» հարցը՝ կառավարությանը և խորհրդարանական մեծամասնությանը մեղադրելով շենքը փաստացի ոչնչացնելու գործարքում մասնակցություն ունենալու մեջ։
Ըստ Փաշինյանի՝ կառավարությունը հղում էր անում օրենսդրական բացի վրա, ինչը նրանց թույլ չէր տվել կանխել մշակութային հուշարձանի աղճատումը։ Նա հիշեցնում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքը և կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի թիվ 438 որոշումը, որոնք կառավարությանը և առընթեր մարմիններին հնարավորություն և լիազորություն են տալիս լիարժեք իրականացնելու այդ գործառույթը՝ կանխելու հուշարձանի ոչնչացումը։
«Ինչո՞ւ կառավարությունը չի իրականացրել հուշարձանի պահպանության համար անհրաժեշտ գործառույթները, որոնցով լիազորված է նշված իրավական ակտերի շրջանակում։ Ստիպված եմ արձանագրել, որ ձեր կառավարությունը ի զորու չէ իրականացնել օրենքով նախատեսված գործառույթներ, որոնք հակասում են այսպես կոչված օլիգարխների ոչ թե շահերին, այլ քմահաճույքներին։ Կա ակնհայտ մի բան՝ դուք անընդհատ ասում եք, որ ժողովուրդը ձեզ վստահության քվե է տվել։ Ես ցույց տվեցի, որ ձեր կառավարությունից ոչ մեկ վստահության քվե չի ստացել, և ձեզ կառավարության անդամ, վարչապետ նշանակել են էն մարդիկ, որոնցից մեկը ոչնչացրել է ճարտարապետական հուշարձանը»,- ԱԺ-ում հայտարարել էր այսօրվա վարչապետը։
Այժմ մենք ենք ընդդիմադիր Փաշինյանի հարցադրումով դիմում իշխանության ղեկին հայտնված Փաշինյանին՝ արդյո՞ք ձեր ու ձեր կառավարությանը տված լիազորությունները բավարարում են միայն անձնական վրեժխնդրությունն իրականացնելուն։ Օրինական պետության մեջ օրենքը բոլորի համար է հավասար։ Եվ մենք էլ հիմա ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը խաղալիք են դարձել կառավարության ղեկավարի ձեռքում։
Մի կարևոր դիտարկում ևս։ Եթե Խաչատուր Սուքիասյանի ու Սամվել Ալեքսանյանի դեպքում պետությունից անհասկանալի, զարտուղի ճանապարհներով յուրացվել են հուշարձան համարվող գույքեր ու դրանք ծառայեցվել սեփական գրպանները լցնելու նպատակով, ապա Գագիկ Ծառուկյանի ձեռք բերած «Արարատցեմենտ» գործարանը հուշարձան չի համարվել, և գործարարն այն ձեռք է բերել ու մեծ ներդրումների շնորհիվ կարողացել վերաշահագործել, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծել ու Հայաստանում արտադրություն հիմնել, ինչի պակասը մենք շատ ունենք։
Թագուհի Ասլանյան