Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները


Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։


 


Աննա Կարապետյանը ներկայացրել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ մշակվել է օրենսդրական նախագիծ՝ ուղղված ազգային օրենսդրության համապատասխանեցմանը Եվրոպական միության տվյալների պաշտպանության չափանիշներին և անկախ վերահսկողության համակարգի ձևավորմանը։ Ներկայացվել են անձնական տվյալների պաշտպանության անկախ մարմնի ստեղծման, տվյալների պաշտպանության ազդեցության գնահատման մեխանիզմի, տվյալների պաշտպանության պատասխանատուների ինստիտուտի ներդրման և վերահսկողական լիազորությունների ընդլայնման նախաձեռնությունները։


 


Նախարարի տեղակալն ընդգծել է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումները Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացի կարևոր նախապայմաններից են։


 


Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում:


 

Դիտումների քանակ5

Leave a comment