Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին


ԱՄՆ-ում նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությանն ընդառաջ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին:


ԱՄՆ նախագահը նշել է, որ Չինաստանն ապօրինաբար հասանելիություն է ստացել ամերիկացի 220 միլիոն ընտրողի տվյալների և փորձել է խանգարել իր վերընտրվելուն, սակայն հատուկ ծառայություններում այսպես կոչված «խորքային պետության» ներկայացուցիչները թաքցրել են այդ տեղեկությունը։


Նա պնդել է, որ Պեկինը փորձել է ազդել նաև 2020 թվականի ընտրության արդյունքների վրա:


«Մեր երկրին հսկայական վնաս է հասցվել։ Մեր ընտրությունները խոցելի են, իսկ ամերիկացի ժողովրդի վստահությունը խարխլվել է։ Այսպես շարունակվել չի կարող»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։


Անվտանգային ճգնաժամը հաղթահարելու նպատակով նա կոչ է արել ընդունել օրինագիծ, որը պարտավորեցնում է ընտրողներին ընտրատեղամասերում հաստատել իրենց ինքնությունը և քաղաքացիությունը։


«ԱՄՆ-ի հակառակորդները, այդ թվում՝ առնվազն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, ունեն ԱՄՆ-ի ընտրական ենթակառուցվածքին վնաս հասցնելու հնարավորություններ»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։


Իր պնդումները հիմնավորելու համար Թրամփը հրապարակել է մի շարք գաղտնազերծված փաստաթղթեր։ Սակայն, ըստ The New York Times-ի գնահատականի՝ դրանք որևէ էական նոր տեղեկություն չեն պարունակում։


Չինաստանը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները՝ շեշտելով, որ ընտրություններն ամեն երկրի ներքին գործն են:

Դիտումների քանակ1

Leave a comment