Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները եւ նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ

2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի ողջ տարածքում կենսաթոշակները եւ նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 2026 թ․ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող եւ վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կկատարվի ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։

Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվի: 

«Բանկի կողմից սուրհանդակային ծառայության միջոցով կառաքվեն բացառապես տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիների քարտերը` անհրաժեշտության դեպքում նաեւ սոցիալական աշխատողների ներկայությամբ։

Բոլոր կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին խնդրում եւ կոչ ենք անում մինչեւ 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment