Հնդկաստանի երեք պետական նավթային ընկերություններ մերժել են Ռուսաստանի խնդրանքը՝ ավելացնելու բենզինի մատակարարումները՝ պատճառաբանելով, որ արտահանման համար լրացուցիչ վառելիքի պաշարներ չունեն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ լրացուցիչ բենզինի մատակարարման խնդրանքով հնդկական ընկերություններին դիմել են ռուսական «Ռոսնեֆտ»-ը և «Գազպրոմ նեֆտ»-ը, որոնք նավթ են մատակարարում Հնդկաստանի շուկա։ Ռուսական կողմը դիմել է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական նավթավերամշակող գործարաններին։
Reuters-ի տվյալներով՝ պետական ընկերություններից խոսքը վերաբերում է Indian Oil, Bharat Petroleum և Hindustan Petroleum ընկերություններին, որոնք հայտնել են, որ արտահանման համար ազատ ծավալներ չունեն։
Ներկայումս Հնդկաստանից Ռուսաստան ուղարկվում է բենզինի միայն երկու խմբաքանակ, որոնք մատակարարում է Nayara Energy-ն։ Ընկերության բաժնետոմսերի 49%-ը պատկանում է «Ռոսնեֆտ»-ին։