ԱՄՆ-ը վեցերորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին։ ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանի դեմ ուղղված հարվածների վերջին «մեծ ալիքը»։ Այս մասին սոցիալական ցանցերում հրապարակմամբ նշել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
«ԱՄՆ ուժերը, այդ թվում՝ կործանիչները, օդային անօդաչու թռչող սարքերը և ռազմանավերը, արձակել են ճշգրիտ զինամթերք, որը հարվածել է Իրանի տասնյակ ռազմական թիրախների, ինչպիսիք են ափամերձ հսկողության և օդային պաշտպանության կետերը, ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքները և ծովային կարողությունները»,- X-ում հրապարակված գրառման մեջ նշել է CENTCOM-ը։
Այն լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել հարվածված թիրախների թվի վերաբերյալ, սակայն հայտարարության մեջ հավելել է, որ ԱՄՆ ուժերը «պատասխանատու են համարում Իրանին առևտրային նավերի վրա վերջերս կատարված հարձակումների համար»։
ԱՄՆ-ի կողմից գիշերն իրականացված մահացու հարվածները հասցվել են օդանավակայանին, Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի երկաթուղային կայարանին և Իրանի հարավում՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող երկու կամուրջների, հաղորդել են իրանական պետական լրատվամիջոցները։
«Երեք պայթյուն է լսվել օդանավակայանի մերձակայքում, առնվազն մեկ ամերիկյան թշնամական արկ է հարվածել Իրանիշահր օդանավակայանին»,- հաղորդել է IRIB պետական հեռուստատեսությունը տելեգրամում։
«Մի քանի րոպե առաջ Բանդար Աբբասի երկաթուղային հանգույցի կայարանը թիրախավորվեց ամերիկացի թշնամու կողմից։ Հարձակման հետևանքով վիրավորվել են երկու իրանցիներ»,- իր հերթին հայտնել է Mehr-ը։
Իրանի հարավում կամուրջների ուղղությամբ ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Իրանն էլ հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքներին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության վրա ամերիկյան հարձակումների։
Թեհրանը հարվածների շարք է սկսել Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցների դեմ, այն բանից հետո, երբ Վաշինգտոնին մեղադրել է օդանավակայանը, երկաթուղային կայարանը և երկու կամուրջները թիրախավորելու մեջ, որի հետևանքով զոհվել է 7 մարդ։
Իրանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Քուվեյթում՝ «ահաբեկչության ու երեխաների սպանության մեջ ներգրավված ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը և լոգիստիկ կենտրոնները թիրախավորելու համար»։
Միաժամանակ, հաղորդվում է, որ ուրբաթ առավոտյան Կատարի վրա Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել։ Այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։
Մինչդեռ Բահրեյնում ուրբաթ առավոտյան երկրորդ անգամ միացել են տագնապի ազդանշանները, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ թիրախավորել են Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները, հաղորդում է IRNA պետական լրատվամիջոցը։
Բացի այդ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակվել է Սիրիայի Ալ-Թանֆ քաղաքում գտնվող ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնի վրա՝ ի պատասխան Իրանշահրում իրանցի զինվորների սպանության, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի