ԳՐԵԿՈ-ն՝ 22 հանձնարարականների կատարման մասին
Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հինգերորդ փուլի համապատասխանության զեկույցը, որը գնահատում է Հայաստանի առաջընթացը բարձրագույն գործադիր և իրավապահ մարմիններում բարեվարքության խթանման գործում ։
Հայաստանին ներկայացված 22 հանձնարարականներից բավարար կատարվել են միայն 6-ը, 15-ը կատարվել են մասամբ, իսկ 1-ը մնացել է անկատար ։
Գործադիր իշխանության մասով զեկույցն արձանագրում է կարևոր հաջողություն. չվարձատրվող խորհրդականներն այժմ օրենսդրորեն ենթակա են բարեվարքության կանոններին և գույքի ու եկամուտների հայտարարագրմանը ։
Այնուամենայնիվ, ԳՐԵԿՈ-ն մտահոգություն է հայտնում, որ թեև ընդունվել է Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը, քաղաքական պաշտոնատար անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության մեխանիզմները դեռևս լիարժեք չեն գործում ։ Բացի այդ, դեռևս ընթացքի մեջ են լոբբինգի թափանցիկության և պաշտոնից ազատվելուց հետո կիրառվող սահմանափակումների («սառեցման ժամանակահատված») խստացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները ։
Իրավապահ մարմինների ոլորտում զեկույցը դրական է գնահատում Ոստիկանության նոր հակակոռուպցիոն ծրագրի և հաղորդակցության ռազմավարության ընդունումը ։ Առանցքային նշանակություն ունի այն փաստը, որ ոստիկանների կողմից թույլ տրված լուրջ խախտումների քննությունն այժմ իրականացվում է Ոստիկանությունից դուրս գործող մասնագիտացված ստորաբաժանման կողմից ։ Սակայն համակարգում կանանց ներկայացվածությունը մնում է ցածր. ղեկավար պաշտոններում նրանք կազմում են ընդամենը 5.8% ։
Զեկույցի ամենախիստ գնահատականը վերաբերում է ազդարարների պաշտպանության ոլորտին։ Սա միակ հանձնարարականն է, որը չի կատարվել ։ Ըստ ԳՐԵԿՈ-ի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին դեռևս չեն հատկացվել բավարար ֆինանսական և կադրային ռեսուրսներ՝ ազդարարների պաշտպանության իր գործառույթն արդյունավետ իրականացնելու համար ։
Հայաստանի իշխանություններին կոչ է արվել լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել չկատարված քայլերի վերաբերյալ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ։