Եթե թոշակը կամ նպաստը քարտով ստանալու համար քաղաքացիները  դիմում  չներկայացնեն, ապա մարտի 5-ից բանկի ընտրությունը կկատարվի ինքնաշխատ․ ԱՍՀՆ

Հասարակություն

09.02.2026 | 13:10

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ս․թ․ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացող և փոփոխության համար դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։

«2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։

2026 թ․ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։

Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվելու։

Տեղեկացնում ենք նաև, որ բանկի կողմից սուրհանդակային ծառայության միջոցով առաքվելու են բացառապես տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիների քարտերը` անհրաժեշտության դեպքում նաև սոցիալական աշխատողների ներկայությամբ։

Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին, ովքեր իրենց կենսաթոշակը կամ նպաստը դեռևս ստանում են կանխիկ, խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment