BMW-ի էլեկտրամոբիլները Չինաստանում կորցնում են մրցակցային դիրքերը

BMW-ի վաճառքները Չինաստանում երկրորդ եռամսյակում նվազել են 30%-ով։ Ինչպես հայտնում է Reuters-ը, ընկերությունը նախորդ ամիս հերթական անգամ զգուշացրել է շահույթի նվազման մասին՝ դրա պատճառներից մեկը համարելով Չինաստանի շուկայում ստեղծված իրավիճակը։ Վերջին երեք տարվա ընթացքում սա նմանատիպ արդեն երրորդ նախազգուշացումն է։

Վերլուծաբանների և բաժնետերերի կարծիքով՝ BMW-ն չափազանց ուշ է շուկա դուրս բերել իր Neue Klasse էլեկտրամոբիլների շարքը։ Այդ ընթացքում չինական ավտոարտադրողները կարողացել են նոր մոդելներ մշակել ընդամենը 18 ամսում, ինչը գրեթե երկու անգամ արագ է, քան ավանդական ավտոարտադրողների մոտ։

Շանհայում գործող Automotive Foresight հետազոտական ընկերության ղեկավար Չժան Յալեն նշում է, որ եթե Neue Klasse-ն ներկայացվեր երկու տարի առաջ, այն կարող էր փոխել խաղի կանոնները, սակայն ներկայիս չինական շուկայում առանձնանալը շատ ավելի դժվար է։

Global Mobility-ի տվյալներով՝ ամբողջությամբ էլեկտրական մեքենաները կազմում են BMW-ի վաճառքների ընդամենը 5%-ը Չինաստանում, մինչդեռ երկրի նոր ավտոմեքենաների շուկայում էլեկտրամոբիլների մասնաբաժինն արդեն հասել է 46%-ի։ BMW-ի վաճառքները Չինաստանում նվազել են ինչպես 2024, այնպես էլ 2025 թվականներին։

Նման խնդիրների են բախվել նաև գերմանական մյուս պրեմիում ապրանքանիշերը։ Mercedes-Benz-ի վաճառքները տարվա առաջին կիսամյակում նվազել են 28%-ով, իսկ Volkswagen-ին պատկանող Audi-ինը՝ 19%-ով։

Չինաստանի շուկայի համար նախատեսված Neue Klasse շարքի առաջին մոդելը՝ iX3 էլեկտրական քրոսովերը, վաճառքում կհայտնվի նոյեմբերին։

Gasgoo հետազոտական ինստիտուտի փոխնախագահ Վան Սյանբինը Reuters-ին հայտնել է, որ առաջին անգամ այդ մոդելի մասին լսել է դեռևս չորս տարի առաջ։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում շուկան արմատապես փոխվել է, իսկ BMW-ի մարքեթինգային շեշտադրումները, որոնք հիմնված էին հիմնականում ընթացքի պաշարի (range) վրա, արդեն հնացած են թվում։

Չինական Weibo սոցիալական ցանցում Supercharged բլոգի հիմնադիր Չան Յանը նշում է, որ եթե նախկինում ընթացքի պաշարը գլխավոր մրցակցային առավելություններից էր, ապա այսօր չինացի գնորդներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում դիզայնին, տեխնոլոգիական հնարավորություններին և նորարարական գործառույթներին։

Վան Սյանբինի գնահատմամբ՝ BMW-ի նոր մոդելների մշակումը դեռևս մեծապես ղեկավարվում է Մյունխենի գլխավոր գրասենյակից, իսկ ընկերությունը լիարժեք չի հասկանում չինացի սպառողների պահանջները։

«Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ BMW-ն այսօր շուկայից մեկ քայլ հետ է մնում», — եզրափակել է նա։

Leave a comment