Հայաստանի կառավարությունը Firebird AI-ից 957,9 մլն դրամի հաշվարկային ռեսուրսներ ձեռք կբերի

Հայաստանի կառավարությունը 957,876,440 դրամ կհատկացնի «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ից բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսների՝ գրաֆիկական պրոցեսորների հզորության ձեռք բերման համար


ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը 957,876,440 դրամ կհատկացնի «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ից բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսների՝ գրաֆիկական պրոցեսորների հզորության ձեռք բերման համար։


Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է համապատասխան վերաբաշխում իրականացնել և միջոցները հատկացնել «Արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսների /գրաֆիկական պրոցեսորների/ հզորության ձեռքբերում» միջոցառմանը։


Որոշման հիմնավորման համաձայն՝ ծրագիրն իրականացվում է Հայաստանում ռազմավարական նշանակության արհեստական բանականության գործարանի կառուցման շրջանակում։


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 2026 թվականի ապրիլի 17-ին։


Հիմնավորման մեջ նշվում է, որ «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ն արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն է, որը տրամադրում է մեծածավալ GPU հաշվարկային ռեսուրսներ՝ նախատեսված արհեստական բանականության ժամանակակից մոդելների ուսուցման և գործարկման, ինչպես նաև գիտական հետազոտությունների համար։


Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել 2026 թվականին գործարկել Կովկասյան տարածաշրջանում առաջին և ամենամեծ արհեստական բանականության գերհամակարգիչը, որը կաշխատի NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով։


Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ընկերության կողմից՝ միջազգային գործընկերների, այդ թվում՝ ամերիկյան NVIDIA ընկերության հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների հիման վրա։


Միջոցառման նպատակն է ընդլայնել Հայաստանի տեխնիկական հնարավորությունները և երկրում ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված NVIDIA ընկերության տեխնոլոգիական լուծումների վրա։


Նախատեսվում է բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներ տրամադրել արհեստական բանականության ոլորտում գործող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին, անհատ մասնագետներին և հանրային իշխանության մարմիններին։


Ռեսուրսները նախատեսված են արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։

Leave a comment