Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը



Տնտեսություն





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Անտարես» հրատարակչատան կողմից լույս է տեսել գրող, պատմավիպասան Սասուն Վարդանյանի «Աստծուն եմ հագել ներսից և դրսից. Գրիգոր Նարեկացի» գիրքը: Հայէկոնոմբանկի աջակցությամբ տպագրված աշխատությունը ժամանակակից ընթերցողի համար բացահայտում է այն աղբյուրները, որոնց ազդեցությամբ ձևավորվել են Գրիգոր Նարեկացու գեղագիտական հայացքներն ու ըմբռնումները:

Սասուն Վարդանյանը մեկ տասնյակից ավելի գրքերի՝ պատմվածքների, հեքիաթների, վիպակների, վեպերի հեղինակ է: «Նարեկացին, որպես մարդկային հոգու ամենամեծ արտահայտություն՝ արժանի է յուրահատուկ վերաբերմունքի, և պետք է նարեկագիտությունը, որ սկսվել է տարերայնորեն, իր վերելքն ապրի գիտակցաբար», – գրքում նշում է հեղինակը:

«Սասուն Վարդանյանը, դիմելով մեր հանճարեղ Գրիգոր Նարեկացուն, ուզեց լինել ուսուցող: Հեղինակը հերքում է այն բոլոր կարծիքները, որ Նարեկացին  ստեղծագործել է արաբական, պարսկական կամ հունական մշակույթների ազդեցությամբ: Ծանոթ լինելով, որ Հայէկոնոմբանկի ղեկավարությունը կրում է ազգային արժեքներ՝ համոզված էի, որ նրանք կգնահատեն և կաջակցեն գրքի հրատարակչական աշխատանքներին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում գրքի հրատարակությունն իրականություն դարձնելու համար», – նշում է Սասուն Վարդանյանի կինը՝ գրող, հրապարակախոս Սիլվա Սուքիասյանը, ով ամուսնու մահից հետո հետամուտ է եղել գրքի հրատարակմանը:

«Հայէկոնոմբանկի համար նման նախագծերը ներդրում են մեր մշակութային ժառանգության պահպանման գործում։ Նարեկացին հայ ինքնության առանցքային խորհրդանիշներից է, իսկ Սասուն Վարդանյանի այս աշխատությունը հնարավորություն է նորովի ճանաչելու Նարեկացուն: Ուրախ եմ, որ Հայէկոնոմբանկը մասնակցել է նման արժեքավոր գրքի լույսընծայմանը», – նշում է Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:

Գիրքը վաճառքի ենթակա չէ: Այն տրամադրվելու է Վենետիկի Մխիթարյան միաբանության, Վաշինգթոնի Կոնգրեսի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի, Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարաններին, ինչպես նաև համալսարանական գրադարաններին, Գյումրիի, Գորիսի և Վանաձորի քաղաքային գրադարաններին:

Հետևեք մեզ՝ այստեղ

 




Leave a comment