Անկարան դեմ է, որ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը տարածվի Սև ծովում․ Թուրքիայի ԱԳ նախարարը Կիևում է

Անկարան չի ցանկանում, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը տարածվի Սև ծովի տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է թուրքական Անադոլուն։

Նրա խոսքով՝ Թուրքիան դեմ է Սև ծովում նավահանգիստների, լցանավերի և ձկնորսական նավերի վրա հարձակումներին, ինչպես նաև ցանկացած գործողության, որը վտանգում է քաղաքացիական բնակչության կյանքը։

«Նավահանգիստների, լցանավերի և ձկնորսական նավերի վրա հարձակումները, ինչպես նաև քաղաքացիական բնակչության կյանքը վտանգելը չեն կարող արդարացվել որևէ պարագայում»,- ասել է Ֆիդանը՝ կոչ անելով բոլոր կողմերին զսպվածություն և պատասխանատվություն ցուցաբերել։

Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Անկարան շարունակում է փնտրել նոր ռազմավարական մոտեցումներ՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության «փակ շրջանակը» խզելու համար։ Նրա խոսքով՝ նոր գաղափարներ են քննարկվում ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ միջնորդների հետ։ Ֆիդանն ընդգծել է՝ «չափազանց նպատակահարմար» է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը Ստամբուլի ձևաչափով լուծելու բանակցային գործընթացը շարունակելը՝ թուրքական միջնորդությամբ։

«Պատերազմի շարունակությունը չի նշանակում, որ այս ձևաչափով բանակցություններ չեն կարող վարվել»,- ասել է նա։

Ֆիդանը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի հիմնական տարրերից մեկը կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, ներառյալ՝ ցամաքային, ծովային և օդային բաղադրիչները: Նա հայտնել է, որ Թուրքիան համաձայնել է ղեկավարել Սև ծովում անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչը:

«Թուրքիան համաձայնել է ղեկավարել ծովային բաղադրիչը։ Մենք այս հարցի շուրջ փոխըմբռնման ենք հասել մեր դաշնակիցների հետ։ Համապատասխան գործողությունների պլանավորումն արդեն տարվում է դաշնակից երկրների  ռազմածովային ուժերի հետ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment