Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան

Հասարակություն

16.07.2026 | 15:55

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր քրեական գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրանքի՝ Մամիկոն Ասլանյանը 2016ից մինչև 2021 թվականը, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես, կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դիտավորյալ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին:

Ասլանյանի նկատմամբ բացակայելու արգելք և գրավ է կիրառված։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ ևս մեկ գործ է քննվել, որը վերաբերում է նրա՝ Վանաձորի համայնքապետի պաշտոնավարման ժամանակահատվածում ենթադրյալ չարաշահումներին։ Այս գործով Ասլանյանն առաջին ատյանում մեղավոր է ճանաչվել, սակայն դատավճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ։

Արաքս Մամուլյան

Leave a comment