Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի աջակցության ակցիաներ են սկսվել, որը կառավարության մյուս անդամների հետ միասին հրաժարական է տվել, գրում է Meduza-ն։
Ուկրաինայի մայրաքաղաքում ցուցարարները հավաքվել են Իվան Ֆրանկոյի հրապարակում։ Ցույցի մասին հայտարարել է վետերան, նախկին ռազմական բժիշկ Դմիտրի Կոզյատինսկին։ Տարբեր գրությամբ պաստառներով մարդիկ վանկարկել են՝ «Վերադարձրեք Ֆեդորովին», «Ամոթ» և «Սիրսկի, հրաժարակա՛ն»։
Բողոքի ցույցեր են սկսվել նաև Իվանո-Ֆրանկովսկում, Վիննիցայում, Լուցկում, Խմելնիցկիում, Լվովում, Ուժգորոդում, Դնեպրում, Տերնոպոլում և Օդեսայում։
Ֆեդորովի մոտալուտ հրաժարականի ֆոնին գնդապետ Պավել Ելիզարովը հրաժարական է տվել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխհրամանատարի պաշտոնից։ Նա իր որոշումն ուղղակիորեն կապել է նախարարի պաշտոնանկության հետ։
«Ցավոք, պատերազմի հինգերորդ տարում ես հրաժարական տվեցի Ուկրաինայի զինված ուժերից։ Ես կարծում եմ, որ Միխայիլ Ֆեդորովի պաշտոնանկությունը ծանր հարված է երկրի պաշտպանական ներուժին։ Փա՛ռք Ուկրաինային»,- նշել է նա։
Ելիզարովը Ֆեդորովի կողմից հունվարին նշանակվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխհրամանատար։
Միխայիլ Ֆեդորովը պաշտպանության նախարար է դարձել 2026 թվականի հունվարին։ Նրա հրաժարականի մասին պաշտոնապես չի հայտարարվել։ Նախարարն ինքը, ըստ էության, հաստատել է հրաժարականը՝ սոցիալական ցանցերում գրելով. «Մեծ պատիվ էր ծառայել ուկրաինացի ժողովրդին որպես պաշտպանության նախարար»։
Ֆեդորովի հրաժարականը տեղի է ունենում Ուկրաինայի կառավարությունում վերադասավորումների ֆոնին։ Հուլիսի 14-ին Գերագույն ռադան ընդունել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Նաֆտոգազի» գործադիր տնօրեն Սերգեյ Կորեցկիին առաջադրել է վարչապետի պաշտոնում։ Ռադան հաստատել է նրա թեկնածությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի