Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը հուլիսի 15-ին հանդիպել են Օմանի Սուլթանության KV Group ընկերության տնօրեն Աբդուլ Վահիդիի, փոխնախագահ Մուհամմադ Ալ Բալուշիի և Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ինչպես նաև հայկական թարմ պտուղբանջարեղենի՝ Օմանի շուկա արտահանման հնարավորությունները։


 


Արման Խոջոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության արտահանման խթանման քաղաքականությունը՝ ընդգծելով Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի ինտենսիվ այգեգործության և ջերմատնային տնտեսությունների ներուժը։


 


KV Group-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծման հարցի վերաբերյալ։ Այցի շրջանակում նրանք կայցելեն Հայաստանի մի շարք այգեգործական և ջերմատնային տնտեսություններ՝ տեղում ծանոթանալու արտադրանքին և արտահանման հնարավորություններին։


 


Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, կազմակերպել B2B ձևաչափով հանդիպումներ հայկական արտադրողների մասնակցությամբ և փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն՝ համագործակցության գործնական ուղղությունները հստակեցնելու նպատակով։

Leave a comment