Կառավարության՝ հուլիսի 16-ի նիստին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրեց «Տվյալների դասակարգման համակարգ ստեղծելու և դրա կիրառման կարգը հաստատելու մասին», ինչպես նաև «Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգ ստեղծելու և դրա կիրառման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծերը, որոնք վերաբերում են թվային տվյալների մասով ստանդարտ սահմանելուն:
Նախքան որոշման նախագիծը ներկայացնելը նախարարի տեղակալը հիշեցրեց, որ երբ թվային համակարգը և թվային վերափոխման օրակարգն սկսեց գործել, մի քանի խնդիր ի հայտ եկան, և անցած տարվա վերջում ընդունվեց «Հանրային տեղեկությունների մասին» օրենքը, որի 20-րդ հոդվածը հստակ ձևակերպում էր, թե ինչ ենթահամակարգեր էր պետք ստեղծել համակարգը աշխատեցնելու համար: Խոսքը 5 ենթահամակարգերի՝ տվյալների դասակարգման, ազգային տարածական ենթակառուցվածքի, տեղեկատվական համակարգերի անվտանգային միջոցների համակարգերի, տվյալների փոխանակման և պետական տեղեկատվական համակագի կառավարման համակարգի մասին եր:
Ըստ նախարարի տեղակալի՝ այս համակարգերի փոխգործելիությունը և մի ստանդարտով իրար հետ «շփվելը» շատ կարևոր են, որպեսզի ճշգրիտ և առանց խափանումների տեղեկություններ փոխանակվեն համակարգերի միջև:
Նախարարի տեղակալը նաև հիշեցրեց, որ օրենքը, որն ընդունվել էր, կարևոր սկզբունք էր ամրագրում, որ եթե մի տեղեկություն որևէ պետական տեղեկատվական համակարգում արդեն իսկ ներկայացվում է, երկրորդ անգամ պետք չէ այն ներկայացնել, բայց որպեսզի դա տեղի ունենա, կարևոր է, որ մի ստանդարտով լինեն այդ տեղեկությունները, որպեսզի տվյալները համակարգերի միջև հնարավոր լինի փոխանակել:
«Այս որոշումով մենք այդ ստանդարտն ենք ձևակերպում, թե ինչ ձևով պետք է լինի, ինչ ձևաչափով պետք է տեղեկությունները հավաքվեն»,- ասաց նա՝ նշելով, որ եթե չկա տվյալների միասնական ստանդարտ, ապա, օրինակ, պետական ռեգիստրում իր մասին տեղեկությունը՝ բնակության վայր, կարող է գրանցված լինել տարբեր կերպ՝ մի տեղ՝ «Երևան», մի տեղ՝ «Եր» և այլն, և երբ ստանդարտ ընդունվի, տարբեր ձևակերպումները բոլոր շտեմարաններում նույն կերպ կլինեն:
Գործադիրի նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց. «Մենք ստեղծում ենք մի ստանդարտ՝ տվյալների ստանդարտ, որը պիտի օգտագործենք շտեմարաններում տվյալների մուտքագրման և պահպանման, հետագա օգտագործման համար: Այսինքն՝ ըստ էության, սա իմպերատիվ է պետական մարմինների համար, թե ոնց ենք մենք աշխատելու տվյալի հետ, որպեսզի ապահովենք 1 անգամ 1 տվյալ և այդ տվյալի գոյությունը բոլոր համակարգերում, որպեսզի ամեն անգամ մարդկանց չասենք՝ անձնագրի պատճենը բեր, ID քարտի պատճենը բեր և այլն»: