ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ և վերամշակված ձուկ, ինչպես նաև ձկնամթերք արտահանելու վերաբերյալ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«2026-ին, ըստ էության, եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը ՀՀ-ին փոխանցել է, թե ինչ ընթացակարգեր է անհրաժեշտ։ Մենք բավական աշխատանքներ ենք իրականացրել և այդ ուղղությամբ աշխատանքն ավարտում ենք»,- ասաց Պապոյանը։
Նախարարը ներկայացրել է, թե ինչպես է իրականացվելու տնտեսվարողի՝ եվրոպական շուկա դիմելու ընթացակարգը։
ԵՄ արտահանման համար տնտեսավարողները պետք է գրանցվեն TRACES համակարգում՝ դիմելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որը կստուգի նրանց համապատասխանությունը սահմանված չափանիշներին։ Պահանջները վերաբերում են արտադրանքի անվտանգությանը, հիգիենային, հետագծելիությանը, մակնշմանը, պահպանման պայմաններին և արտադրական գործընթացներին։
Կառավարությունը սրանով սահմանում է այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանող ձկնաբուծական տնտեսություններն ու արտադրողները։
Ըստ կառավարության՝ կարգավորման նպատակն է ընդլայնել հայկական ձկնամթերքի արտահանման հնարավորությունները դեպի եվրոպական շուկա։
Մանրամասները՝ տեսանյութում։