Հայաստանի կառավարությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ պարզելու համար, թե արդյոք TRIPP նախագծի վերաբերյալ միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
Հուլիսի 16-ի նիստում գործադիրը հավանություն է տվել TRIPP նախագծով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Մայր օրենքին, ապա Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման համար։
Սահմանադրական դատարանում Կառավարության ներկայացուցիչ է նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, որն օժտված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով կողմին վերապահված բոլոր իրավունքներով։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ նախագծի փաստաթղթային ձևակերպման գործընթացն ավարտին հասցնելու համար դեռ պետք է ստորագրվեն բաժնետերերի համաձայնագիրն ու այն ընկերության կանոնադրությունը, որն իրականացնելու է նախագիծը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն Հարավային Կովկասում զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն ու ենթակառուցվածքները, խթանել համաշխարհային ու տարածաշրջանային առևտուրը, ինչպես նաև ամրապնդել տարածաշրջանում հաստատված խաղաղությունը։
ԱԳ նախարարը հավելել է, որ նախագիծն իրագործվում է Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգմամբ՝ ներառյալ սահմանային հսկողության հարցը։
Նախարարը պարզաբանել է, որ ծրագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Հայաստանը հիմնադրում են ընկերություն, որը կկարողանա տարբեր գործընկերներ ներգրավել՝ Հայաստանի տարբեր հատվածներում առանձին նախագծեր կյանքի կոչելու համար։
«Ծրագրի իրականացման համար սահմանված 49-ամյա ժամկետի լրանալուց հետո կողմերը կարող են երկարաձգել այն նույնքան ժամանակով։ Այդ դեպքում ընկերությունում Հայաստանի բաժնեմասը 26%-ից կդառնա 49%»,- նշել է Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ «TRIPP» նախագծի սպասարկման համար ստեղծվում է «TRIPP+» ընկերությունը։ Նրա խոսքով՝ «TRIPP+» ընկերությունը զբաղվելու է «TRIPP» նախագծի համար ներդրումների ներգրավմամբ։