Վաղարշյանի միջադեպի գործով ևս մեկ ձերբակալված կա. կրակոցներ արձակած անձը դեռ չի հայտնաբերվել

Հասարակություն

16.07.2026 | 11:56

Վաղարշյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ սպանության փորձի և խուլիգանության հոդվածներով: Այս մասին Factor TV-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

«Այս պահի դրությամբ՝ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը»,- ասաց Ավդալյանը:

Մեր տեղեկություններով` կրակոցներ արձակած տղամարդը դեռևս չի հայտնաբերվել: Այս պահի դրությամբ ստացվում է, որ նրա նկատմամբ միայն հանրային քրեական հետապնդում է հարուցված:

Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով և գլխարկով մի տղամարդ ատրճանակը ձեռքին մոտենում սև շապիկով տղամարդուն և կրակում նրա ոտքին։ Ապա նույն տղամարդը կրակոցներ է արձակում մեքենայի ուղղությամբ։ Դրանից հետո այդ մեքենան վրաերթի է ենթարկում կրակոցներ արձակողին։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ։ Ավտոմեքենաներից մեկի վրա կրակոցի հետք է եղել, մեկ այլ ավտոմեքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացնի պոչ, որի վրա նույնպես՝ արնանման հետքեր։ Բացի այդ, դեպքի վայրում գլխարկներ, հողաթափեր են գտել, վրան՝ արնանման հետքեր։

Արփի Հակոբյան

Leave a comment