Երևանում կբացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները՝ Միսաք Մանուշյանի անվան այգում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Հուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ին, Միսաք Մանուշյանի անվան այգում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը։ Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ, որի շնորհիվ հնարավոր է դարձել ստեղծագործությունների տեղադրումն ու հանրային ցուցադրումը մայրաքաղաքի կենտրոնական կանաչ գոտիներից մեկում։ Երևանի քաղաքապետարանը կարևոր ներդրում է ունեցել ծրագրի կյանքի կոչման և քաղաքային մշակութային միջավայրի հարստացման գործում։
Քանդակները Երևան քաղաքին են նվիրաբերվել Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ՝ որպես արվեստագետի սիրո, նվիրումի և երախտագիտության արտահայտություն մայրաքաղաքին։ Ստեղծագործությունները ձևավորում են բացօթյա ժամանակակից քանդակի յուրօրինակ միջավայր՝ նոր մշակութային շերտ ավելացնելով Միսաք Մանուշյանի անվան այգուն։ Աշոտ Հարությունյանը համարվում է մեր ժամանակների առաջատար կոնցեպտուալ քանդակագործներից մեկը՝ իր նորարարական մտածողությամբ և ինքնատիպ գեղարվեստական լեզվով։ Նրա աշխատանքները ներկայացված են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ քաղաքների հանրային տարածքներում և մասնավոր հավաքածուներում։