Վերահաստատվել է հայ-բուլղարական համագործակցության ամրապնդման հանձնառությունը


Բուլղարիայի ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության էներգետիկայի փոխնախարար Լյուբոմիրա Գանչևայի հետ՝ քննարկելու էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։


 


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին տարածաշրջանային զարգացումների շուրջ և ընդգծել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև վերջերս ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի կարևորությունը, որն ամուր հիմք է ստեղծում մի շարք ռազմավարական ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում, համագործակցության ընդլայնման համար։


 


Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և բազմակողմ կապակցվածության նախագծերի շուրջ խորհրդակցությունների անցկացումը՝ Հռչակագրով նախատեսված ուղղություններին համահունչ։


 


Դեսպան Համբարձումյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա ներուժը տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման, տնտեսական համագործակցության խթանման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և բարգավաճման ապահովման գործում։


 


Կողմերը վերահաստատել են հայ-բուլղարական համագործակցության հետագա ամրապնդման հանձնառությունը և վստահություն հայտնել, որ շարունակական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը կնպաստեն երկու բարեկամ երկրների միջև ռազմավարական գործընկերության առավել խորացմանը։

Դիտումների քանակ4

Leave a comment